Նախահոգեվարքային տեսիլքների պատճառը սերոտոնինն է. գիտնականներ
Բեռլինի Շարիտե համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ թունելի վերջում վառ լույսը, որը նկարագրում է մահվան եզրին հայտնված մարդկանց մեծ մասը, կարող է ուղեղի վրա սերոտոնին հորմոնի ազդեցության հետևանք լինել: Այդ հորմոնը մասնակցում է մարդու տրամադրության, ինչպես նաև տեսողական և լսողական զգացողությունների ձևավորմանը, հաղորդում է New Scientist-ը:
Հատկանշական է, որ գիտնականները սերոտոնինը, ինչպեսև էնդորֆինը, անվանում են երջանկության հորմոն:
Հետազոտության ընթացքում գիտնականները 6 առնետի ներարկել են ցավազրկող դեղորայքի մահացու դեղաչափ, ինչի հետևանքով կենդանիների ուղեղում մահից առաջ արձանագրվել է սերոտոնինի քանակի եռակի ավելացում: Մասնագետները կարծում են, որ հորմոնի նման արտազատում կարող է դիտվել նաև մարդու մոտ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին Չինաստանի Կենսաբանական գիտությունների ազգային ինստիտուտի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել էին, որ կենդանիների ուղեղներում սերոտոնինի անբավարարությունը կարող է փոխել դրանց սեռական կողմնորոշումը ավանդականից ոչ ավանդականի:










