Ինչպես է Հայաստանում կարգավորվելու պոռնկագրական «.xxx» դոմենային տիրույթը
«Ըստ ՀՀ օրենսդրության՝ պոռնկագրական բովանդակության տեղակայումը հայկական հոսթինգ ծառայություններում քրեորեն պատժելի արարք է: Եթե պարզվի, որ նման կայքի սերվերը գտնվում է Հայաստանի սահմաններում, ոստիկանությունը կարող է կասեցնել դրա աշխատանքը»,- pcnews.am-ի «Ինտերնետ հանրություն» հկ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Վերջերս մեկնարկել է դոմենային անունների վաճառքը «.xxx» հատուկ տիրույթում, որը հատկացված է էրոտիկ ու պոռնկագրական բովանդակությամբ կայքերին: Դոմենային գոտին վերահսկում է ICM Registry-ն, որը հույս ունի հատուկ դոմենային անվան օգնությամբ երեխաներին հեռու պահել վտանգավոր բովանդակությունից:
Գրիգոր Սաղյանի խոսքով՝ այս տիրույթում գրանցումը չի կարող վերահսկվել Հայաստանում, քանի որ օգտագործողները կարող են դոմենային անուն գնել բազմաթիվ միջազգային ռեգիստրալների միջոցով և վճարում անել էլեկտրոնային եղանակով: Սակայն եթե .xxx տիրույթում գրանցված կայքը տեղակայվի հայկական սերվերներում և պարունակի պոռնկագրական բովանդակություն, դրանով կզբաղվի արդեն ոստիկանությունը:
Հայաստանում օգտագործողների ու հատկապես անչափահասներին նման բովանդակությամբ կայքերից հեռու պահելու համար «Ինտերնետ հանրություն»-ը համագործակցում է «Ապահով ինտերնետ» համաեվրոպական նախաձեռնության հետ: Գործում է հատուկ թեժ գիծ (291926), որով կարելի է տեղյակ պահել .am դոմենային տիրույթում տեղակայված պոռնկագրական կայքերի մասին: «Եթե կայքն այս տիրույթում է, մենք կարող ենք կասեցնել այն, իսկ ինչ վերաբերում է .com կամ .ru տիրույթներին, ապա դրանք մեր վերահսկողության տակ չեն գտնվում»:
Նշենք, որ մի շարք երկրներում վաղուց գործում է ֆիլտրացում, որի շնորհիվ վտանգավոր բովանդակությամբ կայքերը անհասանելի են դառնում օգտագործողներին:










