Հայտնաբերվել է խրոնիկ ցավերի գենը
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գեն, որը պատասխանատու է խրոնիկական հիվանդությունների ցավի համար։ Դա հնարավորություն է տալիս մշակել նոր ցավազրկող դեղամիջոց։
Ինչպես հաղորդում է Подробности-ն, HCN2 գենը, որը գործում է ցավի նյարդային վերջույթներում, մասնակցություն է ունենում նյարդային ազդակների փոխանցմանը։ Այդ գենը հայտնի է արդեն մի քանի տարի, սակայն դրա նշանակությունն ամբողջովին բացահայտված չի եղել։ Քեմբրիջի համալսարանի գիտնականները գենային ինժեներության մեթոդով լաբորատոր մկներին զրկել են այդ գենից և ուսումնասիրել նրանց ռեակցիան տարբեր տեսակի ցավերի նկատմամբ։ Պարզվել է, որ գենի բացակայությունը զգալիորեն ճնշում է նեյրոպաթիկ ցավի զգացողությունը։
Վիճակագրության համաձայն, ամեն 7-րդ բրիտանացին տառապում է խրոնիկ գլխացավով, հոդացավով կամ մեջքի ցավով, ընդ որում բուժման ավանդական մեթոդներն այլևս օգուտ չեն տալիս։ Հետազոտության ղեկավար Փիթեր Մաքնոութոնը կարծում է, որ HCN2-ի իոնային ուղիները փակող նոր դեղամիջոցի մշակումը կօգնի այդ հիվանդներին։










