Հնագույն զգեստապահարանը համալրվում է. Արենիում հայտնաբերվել է ավելի քան հինգհազարամյա զգեստ

00:25 • 13.09.11

Արենիում հայտնաբերվել է աշխարհի հնագույն հագուստներից մեկը՝ 5065+/-15 տարեկան ծղոտե զգեստը։

Ինչպես հաղորդում է «Հայլուր»-ը, գտածոյի տարիքը որոշվել է Կալիֆոռնիայի համալսարանի մասպեկտրոմետրիալ հետազոտությամբ։ Հագուստի մեծաքանակ մնացորդներից առաջինը բացված մի փոքրիկ կտորն իսկ ապշեցրել է շատ բան տեսած հնագետներին։ Երկգույն ծղոտով հյուսված զգեստն այնպիսի տեսք ունի, կարծես այն երեկ են թողել քարայրում։ Օրգանական նյութերն այստեղ բնական եղանակով մումիացվել են շատ ավելի լավ, քան եգիպտական բուրգերում։

Քարայրի բացառիկ միկրոկլիմայի և իրենց հայտնաբերած հագուստի շնորհիվ հնագետները շուտով կարող են միացնել գտնված կտորները և ցույց տալ, թե ինչ էր հագնում քիչ թե շատ ունևոր կինը Ք.ա. 39-րդ դարում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այստեղ՝ Արենիի քարայրում, հայտնաբերվել էր աշխարհի հնագույն կոշիկը, դրանից որոշ ժամանակ անց բացվել էին գինու կարասներ։ Քարայրի անկրկնելի միկրոկլիմայի շնորհիվ գտածոները պահպանվել են շատ լավ, և դրանք ներկայացնող գիտնականները հավաստում էին, որ պեղված գտածոների հետազոտությամբ առավել լավ կճանաչենք մեր նախնիներին ու նրանց կենցաղավարությունը։

Հնագույն զգեստապահարանը համալրվում է. Արենիում հայտնաբերվել է ավելի քան հինգհազարամյա զգեստ