Սմարթֆոնները «առաջ են անցել» բջջային հեռախոսներից
Այս տարվա երկրորդ եռամսյակում Արևմտյան Եվրոպայում առաջին անգամ սմարթֆոնների բնեղեն առաքումների ծավալներն ավելի մեծ են եղել, քան սովորական բջջային հեռախոսներինը։ Այդ ժամանակահատվածում արտադրողները շուկա են առաքել 20,4 մլն հատ սովորական բջջային հեռախոս՝ 29%–ով ավելի, քան 2010թ. երկրորդ եռամսյակում, իսկ սմարթֆոնների առաքումները, ընդհակառակը, աճել են 48%–ով՝ 21,8 մլն հատ։ Այսպիսով, ըստ քանակի, սմարթֆոնները գրավել են բջջային հեռախոսների շուկայի 52%–ը։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ ներկայացնելով International Data Corporation–ի տվյալները։
Ռուսաստանում սմարթֆոնները հատաքանակով առայժմ գրավում են շուկայի 15–20%-ը, իսկ փողով արտահայտված՝ 40–49%–ը։ «Եվրոսետ»–ի նախագահ Ալեքսանդր Մալիսը նշել է, որ սմարթֆոնների գները նվազում են, և վաճառքի ծավալներում դրանց բաժինը` մեծանում։ Նրա գնահատմամբ, արդեն այս տարվա վերջին կամ 2012թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում կվաճառվեն ավելի շատ սմարթֆոններ, քան սովորական բջջային հեռախոսներ։ Դա պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ այս տարվա չորրորդ եռամսյակում սպասվում է բազմաթիվ բյուջետային սմարթֆոնների թողարկումը։
«Սվյազնոյ» և «ՄՏՍ» օպերատորների կանխատեսումները պահպանողական են։ ՄՏՍ–ի ներկայացուցիչը նշել է, որ սմարթֆոնների տարածման մակարդակը կախված է ոչ միայն դրանց գնից, այլև տեսականուց, ինչպես նաև տվյալների փոխանցման ցանցերի և շարժական ինտերնետով օգտագործվող ծառայությունների զարգացման մակարդակից։ Ըստ «ՄՏՍ»–ի փորձագետների, սմարթֆոնների հատաքանակով վաճառքը կգերազանցի սովորական բջջային հեռախոսների վաճառքի ծավալը միայն 2013–14թթ.։










