ВКонтакте-ում փակվել է ադրբեջանցիների բացած հակահայկական խումբը
Ռուսական ВКонтакте սոցիալական կայքի ղեկավարությունը սեպտեմբերի 12-ին փակել է «Աշխարհը դեմ է Հայաստանի վարած քաղաքականությանն ու հայկական ֆաշիզմին» անունով ադրբեջանցիների կողմից բացված խումբը:
Այն, հավանաբար, փակվել է ազգամիջյան թշնամանք հրահրող նյութեր պարունակելու հետևանքով, թեև ցանցի ադրբեջանցի մոդերատորներից մեկը հավաստիացնում է, որ խմբի գործունեությունն ուղղված է եղել ոչ թե հայ ժողովրդի, այլ «Հայաստանի վարած քաղաքականության ու հայկական ֆաշիզմի դեմ»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն սոցիալական ցանցում փակվել էր ադրբեջանցիների կողմից բացված մի խումբ, որում քննարկվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում կոչ է արվում ավելի մեծ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցերում՝ ստեղծելով նոր խմբեր, հայկական խմբերի վերաբերյալ բողոքներ ներկայացնել կայքի ադմինիստրացիային, բացատրական աշխատանքներ տանել այն օգտատերերի հետ, ովքեր «պատահաբար են հայտնվել հակաադրբեջանական խմբերում»:










