Facebook-ում կգործի Subscribe ծառայությունը
Facebook սոցիալական ցանցում կհայտնվի Subscribe ֆունկցիան, որի միջոցով օգտատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ սոցցանցի այլ օգտատերերից, եթե անգամ վերջիններս առկա չեն ընկերների ցուցակում, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Սոցցանցի այլ անդամների էջերում առկա համապատասխան կոճակը սեղմելով՝ օգտատերերն իրենց լրահոսի էջում կկարողանան տեսնել նրանց հաղորդագրությունները, լուսանկարները և այլ հրապարակումները:
Ընդ որում, օգտատերը կարող է ընտրել, թե ինչպիսի հաղորդագրություններ է ցանկանում ստանալ օգտատերի էջում կատարվող փոփոխությունների վերաբերյալ՝ ամբո՞ղջը, մեծ մա՞սը, թե՞ միայն կարևորագույն փոփոխությունները (օրինակ, բնակության վայրի կամ աշխատավայրի փոփոխության մասին տեղեկատվություն և այլն): Նաև հնարավորություն կլինի ընտրել լրահոսի բաժնում հայտնվող հրապարակումների բնույթը (կարգավիճակի թարմացում, լուսանկարներ, տեսանյութեր և այլն):
Facebook-ի ներկայացուցիչները հայտնել են, որ նոր ֆունկցիան օգտատերերին հասանելի կլինի առաջիկա օրերի ընթացքում:
Subscribe-ի կարևոր յուրահատկությունը, փաստորեն, այն է, որ օգտատերը կարող է չսպասել այլ անձի կողմից «ընկերանալու» առաջարկի հաստատմանը՝ նրա հրապարակած նյութերը ստանալու համար:
Հատկանշական է, որ տեղեկատվության փոխանակման նմանատիպ սկզբունք է գործում նաև Facebook-ի հիմնական մրցակիցը համարվող Google+ սոցիալական ցանցում:










