Արագացուցիչների ֆիզիկայի մակարդակը որոշում է տվյալ պետության մակարդակը. գիտնական

00:59 • 16.09.11

«Եթե գրողը կամ արվեստագետը կարող է իր գործունեության արդյունքում եկամուտ ստանալ, ֆունդամենտալ գիտությունը բացառում է, չունի նման հնարավորություն»,- «3-րդ հազարամյակ» հաղորդմանը հյուրընկալվելով ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արա Սեդրակյանը՝ գիտության և տնտեսության կապին նվիրված քննարկման ժամանակ։

«Ոչ ոք չի մտածում՝ մաթեմատիկոսին վճարի ինչ-որ գումար, որպեսզի նա ինչ-որ թեորեմի վրա աշխատի։ Ֆունդամետնալ գիտության պարագայում դերը միայն պետությանն է, և դա պետք չի կապել սովետականության հետ։ Ժամանակակից արևմտյան հասարակություններում էլ դա կատարում է հենց պետությունը»,- ասաց գիտնականը՝ բերելով հայտնի գիտահետազոտական ինստիտուտների օրինակներ տարբեր երկրներից։

Նա նշեց, որ այլ է կիրառական գիտության պարագան։ «Ում համար դու պատրաստվում ես ինչ-որ բան անել, բնականաբար, էդտեղ առաջանում է շուկա, իրենք կարող են վճարել»,- ասաց նա։ Գիտնականը հիշեցրեց, որ երբ խորհրդային երկրի շրջանակում հայ գիտական միտքը մրցունակ էր համաշխարհային մակարդակով, «կարծիք կար, որ բարձր էներգիաների՝ արագացուցիչների ֆիզիկայի մակարդակը որոշում է տվյալ պետության մակարդակը, և դա, իրոք, այդպես էր»։

Անդրադառնալով գիտության արդյունավետությանը կոնկրետ «պրոդուկտ» տալու առումով՝ նա նշեց. «Կառավարության ուզածն այն է, որ գիտությունը հասնի մինչև արտադրություն ու այնտեղ արդյունք տա։ բայց տեսեք ինչ մեխանիզմ է գործում մինչև այդտեղ, որը որ ապահովում է այդ բոլոր կապերը և խիստ անհրաժեշտ է։ Պետք է լինի բարձր գիտական մակարդակ, որը ապահովում է մի կողմից բարձր կրթական համակարգ՝ դասավանդում են համալսարաններում, հետո համալսարանների ավարտածների մի մասը մտնում է արտադրություն ինչ-որ գիտելիքների մակարդակ ստացած, մյուս մասը փորձում է շարունակել գիտությունը։ Սովորելու այս մակարդակից հետո էլ մի մասը դուրս է գալիս ու մտնում է հասարակություն, քանի որ տեղ չի լինում - տեղերի պակաս կա [բարձրագույն և ավելի աստիճաններում], մյուս մասը շարունակում է»,- ասաց նա։

Այսպես, ըստ նրա, երկու-երեք գիտական մակարդակներով անցնելու ճանապարհից երիտասարդները տարբեր կրթական աստիճան ստացած դուրս են գալիս, մտնում են հասարակութուն, որն էլ պիտի դրա պահանջը ներկայացնի։ Ըստ գիտնականի՝ այդպես է իրականանում գիտություն-արտադրություն գործնական կապը։ «Դրանք են, որ իրենց գիտելիքներով մտնելու են արտադրության մեջ ու փորձելու են իրենց գիտելիքները կիրառել՝ կախված կոնկրետ խնդրից»,- ասաց նա։

Արա Սեդրակյանի դիտարկմամբ՝ գիտությունն անհրաժեշտ է ձևակերպել այս աստիճանակարգմամբ՝ որպես կիրառական գիտություն։ «Այդ հատվածը սովետական գիտության մեջ իսկապես թույլ է եղել,- նշեց գիտնականը։- Այդ հատվածն ուժեղ է եղել միայն զինվորական գիտության մեջ, որը լուծում էր կոնկրետ ռազմական արդյունաբերության հարցերը»։
 

Արագացուցիչների ֆիզիկայի մակարդակը որոշում է տվյալ պետության մակարդակը. գիտնական