Yahoo!, AOL և Microsoft ընկերությունները ընդդեմ Google-ի
Yahoo!, AOL և Microsoft ընկերությունները կհամախմբեն իրենց ջանքերը, որպեսզի դիմադրեն Google ընկերությանը ամերիկյան գովազդային շուկայում:
Ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստվում են գովազդի մի մասը վաճառել մեկը մյուսին. այսպես կոչված՝ «երկրորդական էկրանային գովազդը»:
Դրանք այն գովազդային պատվերներն են, որոնք չեն կարողացել ինքնուրույն վաճառել, և որոնց սպառման համար ընկերությունները հաճախ դիմում են զանազան գովազդային գործակալությունների:
Ինչպես գրում է The Guardian-ը, երեք ընկերությունների համագործակցության մասին հայտարարությունը հայտնվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնից ազատվեց Քերոլ Բարցը: Դրանից հետո Yahoo! և AOL ընկերությունները սկսեցին բանակցել միավորվելու վերաբերյալ:
Google-ը երկար ժամանակ առաջատար դիրքեր է զբաղեցնում որոնողական գովազդի շուկայում, իսկ այս տարվա մայիսին շրջանցել է իր եկամուտներով Yahoo!-ին «էկրանային գովազդի» ոլորտում: Այնպիսի խոշորագույն ընկերությունների համագործակցությունը, ինչպիսիք են Yahoo!-ն, AOL-ը և Microsoft-ը, կարող է դանդաղեցնել Google-ի ակտիվ առաջխաղացումը գովազդային շուկայում: Google-ի տարեկան եկամուտը ԱՄՆ-ի «էկրանային գովազդում» գնահատվում է 2,5 մլրդ դոլար:










