WiFi ինտերնետ ԳԱԱ-ի և Ազգային գրադարաններում

14:55 • 16.09.11

ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերությունը Ակադեմիայի հիմնարար գրադարանի և Ազգային գրադարանի բոլոր ուսանողական և գիտական ընթերցասրահներում կտրամադրի անվճար բաց անլար ինտերնետ հասանելիություն։

Ինչպես նշեց Եսայանը, այդ գիտօջախները միմյանց կկապվեն օպտիկամանրաթելային կապուղով՝ գերարագ WiFi ինտերնետի ելքով։ Ucom-ը գրադարաններին տրամադրում է նաև տեխնիկական բոլոր անհրաժեշտ սարքավորումները։
Ըստ Եսայանի՝ սրանով դրվեց ընկերության կողմից գիտության աջակցության ծրագրի հիմնաքարը։

Նա նաև հայտնեց, որ Ազգային գրադարանի հետ ձեռք է բերվել գրադարանում էլեկտրոնային քարտարան ստեղծելու և համապատասխան տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։

Զարգարյանն իր հերթին նշեց, որ Ucom-ը նախատեսում է WiFi ինտերնետով ապահովել նաև այլ գիտօջախների գրադարանները։ Այսպիսով, կստեղծվեն միջազգային էլեկտրոնային գրադարանների թվային բովանդակությանը հասանելիության հնարավորություններ, որը չկար այդ գիտօջախներում ինտերնետի դանդաղության պատճառով։

Շուքուրյանի խոսքով՝ Ucom-ի նման նախաձեռնությունները ներդրում են Հայաստանի գիտակրթական ցանցի զարգացման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործում։

WiFi ինտերնետ ԳԱԱ-ի և Ազգային գրադարաններում