Գլխի հատվածում միացած սիամական երկվորյակներին անջատել են իրարից

11:52 • 19.09.11

Բրիտանացի բժիշկները մի քանի վիրահատությունների արդյունքում կարողացել են իրարից բաժանել գլխի հատվածում իրար կպած սիամական երկվորյակ քույրերին, տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Ռիտալ և Ռիտագ Գաբուրա քույրերը ծնվել են Սուդանում մեկ տարի առաջ։ Նրանց ծնողները փոքրիկների ծնվելուց հետո դիմել են «Facing the World» բարեգործական կազմակերպությանը, որն էլ վճաել է փոքրիկների վիրահատության և ապաքինման համար, իսկ վիրահատությունը կատարվել է Լոնդոնի լավագույն մանկական հիվանդանոցում։

Վիրահատության բարդությունը կայացել է նրանում, որ փոքրիկների ուղեղների արյան շրջանառությունը ընդհանուր է եղել։ Բժիշկներից պահանջվել է առանձնացնել երակներն ու նոր արյունատար համակարգ ստեղծել նրանցից յուրաքանչյուրի համար։ Երկու վիրահատություն կատարվել է մայիսին, երրորդը հուլիսին, որի ընթացքում հյուսվածքների լայնացուցիչներ են դրվել, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի ուղեղի՝ արյունով սնուցման համար։ Վերջին վիրահատությունը կատարվել է օգոստոսի 15–ին, սակայն մասնագետները այդ մասին հայտարարել են միայն հիմա, արդյունքների հավաստիության համար։

Նրանց պնդմամբ, չնայած ունեցած փորձություններին, փոքրիկների ուղեղները չեն վնասվել։

Գլխի հատվածում միացած սիամական երկվորյակներին անջատել են իրարից