ԵրՖԻ-ն սերնդափոխվում է. այն կշարունակի հիմնարար գիտության զարգացման ծրագրերը

11:18 • 19.09.11

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) կշարունակի հիմնարար գիտության զարգացման ավանդական ծրագրերի իրականացումը տարրական մասնիկների ֆիզիկայի, բարձր էներգիայի աստղաֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ասպարեզներում։ Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեց ԵրՖԻ-ի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ ինստիտուտի փոքր արագացուցիչները արդեն իսկ կիրառվում են «կառավարության հանձնարարականով իրականացվող միջուկային բժշկության մեծ ծրագրում», որի շրջանակում արտադրվող տեխնեցիումի իզոտոպներն օգտագործվում են ուռուցքաբանական բժշկական կենտրոնների ախտորոշման հատուկ 3 սարքավորումներով իրականացվող աշխատանքներում։ Հնարավոր է, որ ԵրՖԻ-ն արտադրի նաև այլ տարրերի իզոտոպներ։

Ինչ վերաբերում է ֆիզիկայի գիտօջախի մեծ արագացուցչին, ըստ Ա.Չիլինգարյանի, այն չի աշխատելու ֆիզիկական և բարոյական մաշվածության պատճառով։

Նա հայտնեց, որ, որպես ֆիզիկայի ազգային լաբորատորիա, ինստիտուտն սկսել է գիտատար փոքրածավալ արտադրությունների իրականացումը։ Դրանք հաջողությամբ առաջին անգամ ներկայացվել են վերջերս Երևանում անցկացված արդյունաբերական ցուցահանդեսներից մեկում, և վարվում են պատվերների կատարման նախնական բանակցություններ։

Նշվեց նաև, որ ներկայումս ԵրՖԻ-ում իրականացվում է սերնդափոխություն. աշխատակիցներից մոտ 100-ը 70-ից բարձր տարիք են, և միայն 65-ն են 35-70 տարեկան։ Ա.Չիլինգարյանը նշեց, որ որպես ստաժոր-հետազոտող աշխատանքի են ընդունվում հիմնականանում ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, որոնց ընձեռվում է գիտական աշխատանքի նրբություններին մոտիկից ծանոթանալու հնարավորություն։ Նրանց համար ստեղծված են ենթակառուցվածքներից օգտվելու նույն պայմանները, ինչ որ արտերկրի գիտական կենտրոններում։ Նախատեսվում է բարձրացնել նաև երիտասարդ գիտաշխատողների աշխատավարձը։