Google-ը գործարկել է էլեկտրոնային «դրամապանակ» (տեսանյութ)

22:11 • 20.09.11

Google ընկերությունը MasterCard վճարային համակարգի, Citi բանկի և Sprint օպերատորի հետ համատեղ հայտարարել է վճարային նոր ծառայության գործարկման մասին: Google Wallet-ը (դրամապանակ) բջջային հեռախոսները կվերածի բանկային քարտի, որով հնարավոր կլինի գնումներ կատարել, վճարել, ստանալ զեղչեր՝ բջջայինը տերմինալին մոտեցնելու շնորհիվ:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ծառայությունը նախատեսված է NFC (Near Field Communications) տեխնոլոգիան ապահովող սմարթֆոնների համար: Ներկա պահին նոր վճարային համակարգն ապահովում է միայն Nexus S 4G-ն: Ծառայությունից օգտվելու համար նաև պետք է հեռախոսում տեղադրել Google Wallet հավելվածն ու լինել Sprint բջջային օպերատորի բաժանորդը:

Wallet-ը թույլ է տալիս վճարել նաև տաքսիում և ցանկացած տիպի խանութում, որտեղ տեղադրված են MasterCard PayPass տերմինալներ: ԱՄՆ-ում այդպիսի տերմինալների թիվն անցնում է 140 հազարը, իսկ ողջ աշխարհում՝ 300 հազարը:

CNet-ը գրում է, որ մոտ ապագայում Google Wallet-ին կմիանան նաև Visa, Discover և American Express քարտերը: Այժմ ծառայությունն աշխատում է միայն ԱՄՆ-ում, իսկ թե երբ այն հասանելի կլինի նաև այլ երկրներում, չի հաղորդվում:


 

 

Google-ը գործարկել է էլեկտրոնային «դրամապանակ» (տեսանյութ)