Samsung–ը ցանկանում է կանխել iPhone-ի վաճառքը

11:49 • 20.09.11

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է դատի տալ ամերիկյան Apple ընկերությանը՝ մտադրվելով արգելել iPhone–ների նոր մոդելի վաճառքը։ Այս մասին հայտնում է Reuters ընկերությունը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները։ Նման քայլը կարող է հուժկու պատասխան հարված լինել Apple–ին, վերջինի՝ Samsung –ին պլագիատի մեջ մեղադրելուց և շարունակական դատավարություններ հրահրելուց հետո։

Apple–ը կորեական ընկերությանը մեղադրել էր iPhone և iPad հեռախոսների ու պլանշետային համակարգիչների արտաքին տեսքը կրկնօրինակելու համար։ Ամերիկյան ընկերությունը վստահեցնում է, որ Galaxy S 4G, Epic 4G, Nexus S և Galaxy Tab սարքավորումների արտաքին տեսքը Apple–ի սարքավորումներից է կրկնօրինակվել։

Հիշեցնենք, որ 2011–ի օգոստոսի սկզբին գերմանական Դյուսելդորֆ ի քաղաքային դատարանը Apple–ի հայցի համաձայն՝ վճռեց ԵՄ տարածքում լիովին արգելել Galaxy Tab 10.1 պլանշետները, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ արգելքը տարածվում է միայն Գերմանիայի վրա։

Գերմանական շուկայում պլանշետային համակարգիչների, իսկ Հոլանդիայում սմարթֆոնների որոշ մոդելների վաճառքի արգելք ստանալով՝ Samsung–ի ներկայացուցիչները խոստացան անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել, և նախնական տվյալներով՝ հարվածի տակ կարող է հայտնվել iPhone 5–ը, որի թողարկմանը Apple–ը պատրաստվում էր ավելի քան մեկ տարի։

Samsung–ը ցանկանում է կանխել iPhone-ի վաճառքը