Չինացիները Երևանի համար կմշակեն «Անվտանգ քաղաքի» հայեցակարգը

21:08 • 22.09.11

«Անվտանգ քաղաք» հայեցակարգի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և չինական «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հայեցակարգը Երևանում ներդնելու մասին համաձայնագիր ստորագրվել էր դեռևս հուլիսին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ: «Հուավեյ տեխնոլոջիս»-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ծառայություներ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որի գործունեության ուղղություներից մեկն էլ տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառումն է համայնքային կառավարման ոլորտում:

Երևանի քաղաքապետը կարևորելով «Անվտանգ քաղաք» համակարգի ներդրումը, նշել է, որ ժամանակակից ինովացիաների պայմաններում այն ուղղակի անհրաժեշտություն է, և հնարավորություն է ստեղծում մի շարք ոլորտներում կառավարումը ավելի արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար:

Քաղաքապետը հավելել է, որ ծրագրի հետ կապված հետաքրքրություն են ցուցաբերել նաև շահագրգիռ գերատեսչությունները:

Չինական կողմը ներկայացնելով «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և աշխատանքային փորձը տարբեր երկրներում, ընդգծել է, որ ընկերությունը առաջատար դիրքեր ունի ծառայությունների մատուցման ոլորտում և մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել այդ ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Անվտանգ քաղաք» հայեցակարգի կառուցվածքը, ժամանակակից կապի միջոցների, ինտեգրացված տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև տեսահսկման և տեսանյութերի վերլուծության կենտրոնների ներդրման բաղկացուցիչները: «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային նախագահ Վան-Քսյանն էլ նշելով, որ ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության փորձն արդեն առկա է, ողջունել է քաղաքապետարանի նախաձեռնությունը և նշել, որ պատրաստ են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագիր: Կողմերի միջև ձեռք է բերվել հայեցակարգի մշակման և համակարգի ներդրման աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն։
 

Չինացիները Երևանի համար կմշակեն «Անվտանգ քաղաքի» հայեցակարգը