Facebook-ի հեղափոխությունը` մի քանի ժամից

17:12 • 22.09.11

Մի քանի ժամ անց Facebook սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարարելու է լուրջ փոփոխությունների մասին։ Կայքը մեծացնելու է գործառութային հատվածը և դառնալու է իրական ժամանակում շփվելու մուլտիմեդիա պլատֆորմ։

Այս մասին հայտնի է դարձել ընկերության աշխատակիցներից մեկի՝ Twitter–ում արված հայտարարությունից, որը հաստատել է ընկերության կողմից երաժշտական ծառայության գործարկման փաստը։

«Լսիր ընկերներիդ հետ» կոճակը գերել է ինձ։ Լսեք այն, ինչ լսում են ձեր ընկերները իրական ժամանակում», – իր էջում գրել է ընկերության ստեղծագործական տնօրեն Ջի Լին, սակայն մի քանի րոպե անց ջնջել է իր գրառումը։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, Facebook-ի երաժշտական ծառայությունը հնարավորություն է տալու լսել այն, ինչ լսում են ընկերները, ինչպես նաև փոխանակել երաժշտություն։

Այսօր F8 կոնֆերանսի ժամանակ Facebook-ի ադմինիստրացիան նաև հայտարարելու է մի շարք գործընկերային համաձայնությունների մասին, որոնք պետք է հանգեցնեն օգտատերերի ակտիվության բարձրացմանը։ Նոր կոճակները հնարավորություն կտան տեսնել, կարդալ, լսել այն ամենը, ինչ անում են ընկերները։

Բացի այդ, Social Beat-ի տեղեկություններով, Facebook-ը պատրաստվում է ընդլայնել լրատվական դաշտը։ Օրինակ, Wall Street Journal–ի պես հեղինակավոր հրատարակչությունները պատրաստ են ավելի մեծ  ներգրավվածություն ունենալ Facebook–ում` գովազդային եկամուտների մի մասի դիմաց։

Facebook-ի հեղափոխությունը` մի քանի ժամից