Ատոմակայանը կարող է դառնալ «վտանգավոր» աշխատավարձերի հարցը արագ չլուծելու դեպքում

18:24 • 22.09.11

Հայկական ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման դիմումները ԱԷԿ–ի տնօրենի մոտ են։ Հարցի քննարկման արդյունքների մասին կտեղեկացվի։ Այս մասին Թերթ.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ»–ի, ՀԱԷԿ–ի ինժեներա–տեխնիկական անձնակազմի 158 աշխատակից սեպտեմբերի 20–ին ազատման դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ անպատասխան են մնացել մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և ՀԱԷԿ–ի ղեկավարությանը ներկայացրած դիմումները, որոնցով զգուշացվել է, որ եթե մինչև սեպտեմբերի 20–ը իրենց աշխատավարձը չվերանայվի՝ վերջին թանկացումների հետ կապված, ապա ստիպված կլինեն ազատման դիմում գրել։ Ատոմակայանը 46 օր տևող պլանային վերանորոգման մեջ է սեպտեմբերի 5–ից։

Թերթ.am-ի թղթակցի՝ «մարդկային գործոնը ևս ԱԷԿ–ի անվտանգության բաղադրիչ է, ի՞նչ է արվում աշխատավարձերի հարցը լուծելու ուղղությամբ» դիտարկում–հարցին ի պատասխան, կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Սուրեն Ամանյանը նշեց, որ «այդ հարցերով զբաղվում է ԱԷԿ–ի վերադասը՝ էներգետիկայի նախարարությունը», իսկ կոմիտեն զբաղվում է անվտանգության տեխնիկական հարցերով։

Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 49–րդ հոդվածի (հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությունը), աշխատանքի վարձատրության պայմանները, աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմները` հաշվի առնելով սղաճի մակարդակը և գների աճը, սահմանվում են ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով։ ՀԱԷԿ–ի արհեստակցական միության նախագահ Յուրա Դոլինյանի խոսքերով, ատոմակայանի աշխատողների հետ կնքվել է կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր, որը, սակայն, աշխատանքի վարձատրության կարգավորման սղաճի մակարդակը և գների աճը հաշվի առնող մեխանիզմներ չի նախատեսում։ Նշենք, որ պետությունն այդ պայմանագրում հանդես է գալիս որպես գործատու։

Ատոմակայանը կարող է դառնալ «վտանգավոր» աշխատավարձերի հարցը արագ չլուծելու դեպքում