Ռուսաստանում բացառիկ նավ են կառուցում

17:53 • 22.09.11

Ռուսաստանի «Средне-Невский» նավաշինարանում այսօր նոր բացառիկ ականազերծող նավի կառուցման հիմքն է դրվել։ Դրա բացառիկությունն այն է, որ դրա կմախքը պատրաստվելու է մոնոլիտ ապակե–պլաստիկից, որն իր հերթին ստեղծված է ցակումային ինֆուզիայի մեթոդով։ Այս մասին հայտնում է Взгляд-ը հղում անելով, նավաշինական ընկերության մամլո ծառայությանը։

Ականազերծող նավը մշակվել է «Ալմազ» նախագծային բյուրոյում և նախատեսված է հեռավորության վրա ծովային ականները հայտնաբերելու և ոչնչացնելու համար։

Հաղորդվում է, որ նավը հագեցած է լինելու բարձր արդյունավետության հիդրոակուստիկ կայաններով, որոնք տեղադրված են լինելու ոչ միայն բուն նավի վրա, այլ նաև հիմնական հրամանատարական կետին միացված ջրասուզակ սարքերի վրա։ Սովորական ականզերծող նավերի համեմատ, այս նավի կմախքը շատ ավելի մեծ ամրություն ունի, ինչը ականների հայտնաբերման ժամանակ ավելի մեծ դիմացկունություն է ապահովում։ Միևնույն ժամանակ նավը կարող է օգտագործել ականազերծման ավանդական միջոցները։

Նշվում է, որ այս տեխնոլոգիայով կարող են կառուցվել նաև այլ տեսակի ու նշանակության նավեր, այդ թվում քաղաքացիական։

Բացառիկ նավը ծով է իջեցվելու հաջորդ տարի։

Ռուսաստանում բացառիկ նավ են կառուցում