Խցանումներում երկար մնալը սրտի կաթվածի պատճառ կարող է դառնալ

15:06 • 22.09.11

Արտանետվող գազ շնչելը կարող է սրտի կաթված առաջացնել: Այս եզրահանգմանն են եկել Հիգիենայի և արևադարձային բժշկության լոնդոնյան դպրոցի աշխատակիցները` հայտնում է «ԲԻ-Բի-Սի»-ն:

Անգլիայում և Ուելսում գիտնականները հետազոտել են սրտային հիվանդությամբ տառապող 80 000 անձանց, այնուհետև համեմատել են նրանց առողջական վիճակը մոտակա բնակավայրերի օդի աղտոտվածության աստիճանի հետ: Արդյունքում գիտնականները կազմել են օդի աղտոտվածության ժամանակացույց (ածխածնի օքսիդի, ծծմբի երկօքսիդի և օզոնի խտության աստիճանը, թունավոր նյութերի առկայությունը, որոնք արտանետվում են մեքենաների շարժիչներից), ինչը թույլ կտա ապացուցել ինֆարկտի ախտանշանների առաջացման և օդի աղտոտվածության միջև որևիցե կապի առկայությունը կամ բացակայությունը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի կաթվածի հավանականությունը կտրուկ աճում է արտանետվող գազը շնչելուց հետո 6 ժամվա ընթացքում, ապա նվազում:

British Medical Journal-ի տվյալներով` աղտոտվածությունը միայն նպաստում է հիվանդության առաջացմանը, բայց չի հանդիսանում դրա անմիջական պատճառը: Այնուամենայնիվ, փորձագետները պնդում են, որ օդի աղտոտվածությունը խիստ վնասակար է առողջությանը:

Օդի աղտոտվածությունը հատկապես վտանգավոր է սրտի համար` կապված այն հանգամանքի հետ, որ այն թանձրացնում է արյունը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Բրիտանիայի սրտաբանական հիմնադրամի տնօրեն Ջերեմի Պիրսոնը սրտային հիվանդներին խորհուրդ է տալիս խուսափել առավել աղտոտված վայրերում երկար մնալուց:

Ավելի վաղ, ամերիկացի գիտնականները հայտարարել էին, որ աղտոտված օդը կարող է բացասաբար անդրադառնալ հիշողության վրա կամ էլ առաջացնել Այլցհայմերի հիվանդություն:

Խցանումներում երկար մնալը սրտի կաթվածի պատճառ կարող է դառնալ