Հայկական արտադրության պարարտանյութն առավել արդյունավետ է ու մատչելի. կենսաբան
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի լաբորատորիայում արտադրվում է 30-40տ «Ազոցեովիտ-1» պարարտանյութ, որի ներքին սպառումը կամում է 2-3տ, դրա 1լ պարարտացնում է մոտավորապես 1000ք/մ տարածք։
Կառավարությամբ որոշմամբ ավելի քան 225 համայնքներում 1լ/500 դրամով «Ազոցեովիտ-1» է բաժանվել՝ գումարներն այս տարվա հոկտեմբերին վճարելու պայմանով։ Թեմային է անդրադարձել «Ազդարար» լրատվականը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշել է. «Չեմ կարծում, որ այն [«Ազոցեովիտ-1»] այնքան ուժեղ կլինի, որքան` բարդ պարարտանյութերը՝ խոսքս համակցված կալիում-ֆոսֆոր պարունակող պարարտանյութերի մասին է»։
Կենսաբանական գիտությունների թեկնածու «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գայանե Ավետիսովան «Ազոցեովիտ-1»-ը համեմատելով քիմիական պարարտանյութերի հետ՝ հիմնավորում է, որ «Ազոցեովիտ-1»-ը մարդու առողջության համար վտանգավոր չէ։
Ըստ նրա՝ այլ պարարտանյութերի օգտագործմամբ ավելանում է նիտրատների քանակը պտուղներում, որոնք էլ նպաստում են քաղցկեղային և ալերգիկ հիվանդությունների առաջացմանը, մինչդեռ «Ազոցեովիտ-1»-ը կարելի է կիրառել ցանկացած բույսի համար, նաև՝ այն հողը սնուցում է բազմակողմանիորեն՝ նպաստելով հողում առկա՝ օգտակար, սակայն բույսերի համար ոչ մատչելի մասնիկների՝ առավել ազատ դառնալուն և յուրացվելուն։










