«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պարգևատրել է ուսանողներին ու դասախոսներին՝ բնության հետ հաշտ ապրելու կոչերի համար

18:27 • 29.09.11

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն, ամփոփել է Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների շրջանում անցկացված բնապահպանական թեմայով աշխատանքների` էսսեների մրցույթը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը Երևանի կենդանաբանական այգում կայացած միջոցառման ժամանակ պարգևատրել է 4 բուհի 12 ուսանողի և խորհրդատու դասախոսների` իրենց աշխատանքով բնության հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությանը հակադարձելու և մաքուր շրջակա միջավայրի անհրաժեշտության մասին քարոզելու համար:

Գործունեության սկզբից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որդեգրել է պատասխանատու վերաբերմունք` գիտակցելով, որ իր առաքելությունը պետք է չսահմանափակվի միայն բուն գործունեությամբ: Հայաստանի և, առհասարակ, Երկրի վաղվա օրը վտանգներից զերծ տեսնելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ձգտումն այդ երազանքն իրականություն դարձնելու վճռական քայլերից մեկն էր:

Կառավարման նոր մշակույթը դրսևորվել է կոնկրետ ծրագրերով. բնապահպանական տեսահոլովակների հեռարձակում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` «Արևորդի» էկո-ակումբների ստեղծում, ծառատունկերի միջոցով` անտառների պահպանմանն ուղղված ջանքեր, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ խոնարհած ծաղիկներից թղթի վերամշակման գաղափարի իրագործմանն աջակցություն, բնապահպանական փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնելու պատասխանատվություն, բնապահպանական թեմաներով տարատեսակ լուսանկարչական մրցույթների միջոցով` երեխաների ձայնը մեծահասակներին հասցնելու ջանքերի խրախուսում և այլն:

Բնապահպանական համակարգված քարոզարշավի հերթական քայլը Հայաստանի բոլոր բուհերում շրջակա միջավայրի պահպանման թեմայով հայտարարված մրցույթն էր: 4 բուհի 12 ուսանող և խորհրդատու դասախոսներ արժանացել են հատուկ վերաբերմունքի: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նրանց շնորհել է մրցույթին մասնակցության հավաստագրեր, խրախուսական նվերներ և դրամական պարգև` 300.000-ական դրամի չափով:

«Յուրաքանչյուրը պետք է անկեղծ լինի իր խղճի և բնության հանդեպ` ձգտելով աշխարհին նայել վաղվա սերնդի աչքերով: Կարևոր է գիտակցել, որ խնդիրները լուծելու լավագույն եղանակը դրանք կանխարգելելն է, և որ մարդասիրությունն սկսվում է ընդհանուրի բարօրությունը գնահատելու ունակությունից: Ձեզ հաջողվել է վեր հանված թեմայի շրջանակներում մեր իրականությանը նայել հենց այդ տեսանկյունից, ինչը նշանակում է, որ բնապահպանական մեր հնգամյա քարոզարշավը կարողանում է ծառայել իր նպատակին: Դուք կյանքին նայում եք ընդհանուրի շահերը պաշտպանելու տեսանկյունից: Շարունակեք ապրել այդ սկզբունքներով»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթում հաղթած ուսանողների աշխատանքները տեղադրվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պարգևատրել է ուսանողներին ու դասախոսներին՝ բնության հետ հաշտ ապրելու կոչերի համար