509 միլիոն հաղորդագրության ուսումնասիրմամբ կազմել են բարձր տրամադրության ժամատախտակը

02:53 • 30.09.11

ԱՄՆ Cornell համալսարանի գիտնականները համարում են, որ մարդկանց մեծամասնությունը զարթնում է լավ տրամադրությամբ, բայց աշխատանքային օրվա ընթացքում այն վատանում է: Նրանք երկու տարի մոնիտորինգ են կատարել Twitter -ի միկրոբլոգների ծառայություններից օգտվողների գրառումներում և ուսումնասիրել են 2.4 մլն հոգու գրառում:

Սքոթ Գոլդերը (Scott Golder) և Մայքլ Մայսին (Michael Macy) հայտնաբերել են, որ շատ զգացմունքերի (ինչպես օրինակ` ոգևորության, ուրախության, վախի կամ զայրույթի) դինամիկայի փոփոխման գործոն են աշխատանքը, քունը և ստացած ցերեկային լույսի քանակը:

Նրանք նշել են, որ նման հետազոտություններ նախկինում էլ են կատարվել, բայց՝ առանց սոցիալական ցանցերի: Այդ պարագայում արդյունքները հիմնված էին փոքր ընտրանքի վրա, և հետևաբար, համապարփակ և բավարար ճշգրիտ չէին կարող համարվել:

Օգտվելով Twitter-ից և լեզվաբանական մոնիտորինգի համար հատուկ` Linguistic Inquiry և Word Count ծրագրերից՝ գիտնականները հայտնաբերել են բարձր տրամադրության երկու գագաթնակետերը` վաղ առավոտյան և կեսգիշերին: 

Դրական գրառումներն ավելի հաճախ հայտնվում են շաբաթ և կիրակի. այս օրերին առավոտյան տրամադրության «գագաթնակետը» հասնում է 2 ժամ ավելի ուշ:

Այս ամենը թույլ է տվել հետազոտողներին կապել ամբողջ աշխարհում Twitter -ից օգտվողների տրամադրությունն իրենց աշխատանքային օրակարգի հետ: Օրինակ, ԱՄԷ-ում` որտեղ աշխատանքային շաբաթը ձգվում է կիրակիից հինգշաբթի, դիտվում է նույն դինամիկան, բայց մեկ օրվա տեղաշարժով:

509 միլիոն հաղորդագրության ուսումնասիրմամբ կազմել են բարձր տրամադրության ժամատախտակը