Հայաստանում կներկայացվի ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան լավագույն փորձը
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, և «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության (content) ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան լավագույն փորձը:
Yerevan Web Meetings 2011 ծրագրի նախաձեռնությունը պատկանում է «Մեդիամաքսին»: Նախագծի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
Ծրագրի շրջանակում Հայաստան կայցելեն անվանի մասնագետներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն ինտերնետային նախագծերի իրականացմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների և անհատների համար:
Վարպետության դասերով հանդես կգան.
- Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին (հոկտեմբերի 15);
- Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայան (հոկտեմբերի 22);
- Ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» մեկը` Անտոն Նոսիկը; (հոկտեմբերի 29);
- Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեն; (նոյեմբերի 5);
- Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան (նոյեմբերի 12):










