Համայն հայության համար կստեղծվի Ազգային համագործակցության ցանց

13:56 • 02.10.11

Կառավարության մասնակցությամբ հիմնված Ազգային համագործակցության հիմնադրամի (ԱՀՀ) կարևորագույն խնդիրներից մեկն է ստեղծել Ազգային համագործակցության ցանց (ԱՀՑ)՝ համայն հայությանը բազմակողմանի ծառայություններ մատուցող պորտալ։ Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեց ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը։

Նրա խոսքով` պորտալում կտեղակայվեն «սպիտակ», «դեղին» և էլեկտրոնային հասցեների տեղեկատուներ, «Դարերի միջով» բաժին, որտեղ ներկայացվելու է հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի, Արցախի և հայկական բոլոր գաղթօջախների մասին տեղեկատվություն՝ համապատասխան տեսանյութերով, կներկայացվեն Հայաստանի թանգարանները և պատկերասրահները՝ պահվող արժեքներով։ Կգործարկվեն նաև էլեկտրոնային առևտրի, հանրային կապերի բաժիններ։ Պորտալի կազմում կգործեն սոցիոլոգիական ինտերնետ-հետազոտությունների, ֆերմերների կայքեր, հայկական հեռուստառադիոընկերությունների տեսաձայնային նյութերի կուտակման և որոնման, նաև այլ ռեսուրսներ։

Սադոյանը հավելեց, որ, հաշվի առնելով սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների տարածման մեծացումը՝ նախատեսվում է ԱՀՑ-ի օգտատերերի համար ստեղծել էժան ինտերնետ հասանելիության անլար WiFi կապի լրացուցիչ՝ ավանդական պրովայդերներից անկախ հնարավորություններ, քանի որ ներկայումս Հայաստանում GPRS ինտերնետը գերթանկ է. եթե այլ տեխնոլոգիաներով փոխանցված տվյալների 1 մեգաբայթը  արժե միջինը 0,53 դրամ (մոտ 0,0014 ԱՄՆ դոլար), ապա GPRS-ով՝ 10-20 անգամ թանկ։ ԱՀՀ-ն նախատեսում է ստեղծել, այսպես կոչված, համագործակցության միություն, որի անդամները միմյանց կօգնեն ինտերնետ հասանելիության հարցում՝ մի եղանակով, որի կիրառումը սկիզբ է առել Իսպանիայում։ Այդտեղ գործող համանման POM կազմակերպության շուրջ 4 մլն անդամներից յուրաքանչյուրը պարտավորվում է իր ստացած WiFi ինտերնետի 10-20%-ը տրամադրել մյուսին։ Ընդ որում, ինտերնետ «տալու» հնարավորությամբ ամենամոտ գտնվող օգտատիրոջը կարելի է գտնել Google-ի համապատասխան քարտեզի միջոցով։ Ըստ Սադոյանի, նման մեխանիզմ ամբողջ հայության համար կարելի է կիրառել ինչպես Հայաստանում, այնպես էլ բոլոր հայ գաղթօջախներում։

Նա նկատեց, որ հիմնադրամի նախագծերի ամբողջական ֆինանսավորման հարցն առայժմ բաց է մնում, և հույս կա, որ այդ նպատակով միջոցներ կտրամադրեն աշխարհասփյուռ հայությունը կապող ցանցի ստեղծման կարևորությունը գիտակցող բարեգործները։ Նախատեսվում է, որ հետագայում ԱՀՀ-ն կգործի ինքնաֆինանսավորմամբ։

Նշվեց, որ քայլեր են ձեռնարկվելու Հայաստան համակարգչային տեխնիկայի, առաջին հերթին՝ սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների ներմուծումը ավելացված արժեքի հարկի գանձումից ազատելու ուղղությամբ։

Համայն հայության համար կստեղծվի Ազգային համագործակցության ցանց