Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակիրների անունները

15:48 • 03.10.11

Այսօր Ստոկհոլմում մեկնարկել է «Նոբելյան շաբաթը»։ Ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտնի է դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակրի անունը։

Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, Նոբելյան կոմիտեն այս տարի այդ մրցանակը «կիսել է» Բրյուս Բոյթլերի, Ժյուլյու Հոֆմանի և Ռալֆ Շտայմանի միջև։ Բրյուս Բոյթլերն ու Ժյուլյու Հոֆմանն այդ մրցանակին արաժանացել են իմունիտետի բնագավառում իրենց հայտնագործության համար, իսկ  Բոյթլերը՝ իմունիտետ ձեռք բերելու հարցում դենդրիտային բջջիջների դերի մասին հայտնագործության համար։

Անցած տարի ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում  Նոբելյան մրցանակակիրն արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսն էր։

Երեքշաբթի հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառում 2011թ. Նոբելյան մրցանակակիրը. 2010թ. այդ մրցանակին արժանացան Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար։ Չորեքշաբթի կհրապարակվի քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկրի անունը, 2010թ.   այդ մրցանակին արժանացել էին ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։

Ուրբաթ կհրապարակվի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը. 2010թ. այդ մրցանակին արժանացավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն՝ «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը կհանձնվի հինգշաբթի։ 2010թ. այդ մրցանակին արժանացավ պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան՝ «անհատի ընդդիմության, ապստամբության և պարտության վառ կերպարների համար»։

Նոբելյան 2011թ.  մրցանակաբաշխությունը կավարտվի հաջորդ երկուշաբթի՝ այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը (2010թ. այդ մրցանակը շնորհվեց Պիտեր Դայմոնդին, Դեյլ Մորթենսենին, Քրիստոֆեր Պիսարիդեսին)։

Դափնեկիրներն իրենց մրցանակները (յուրաքանչյուր ասպարեզում՝ 1,5 մլն դոլար), կստանան միայն դեկտեմբերի 10–ին։
 

Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակիրների անունները