Նոբելյան դափնեկիրը մահացել է մրցանակին արժանանալուց 3 օր առաջ

18:28 • 03.10.11

Կանադացի գիտնական Ռալֆ Սթեյմանը, որն այսօր ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակի արժանացավ, սեպտեմբերի 30–ին քաղցկեղից մահացել է։

Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, Սթեյմանը 68 տարեկան էր։ Երկու տարի առաջ բժիշկները նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել։

Նոբելյան մրցանակի կանոնադրության համաձայն՝ մրցանակը հետմահու չի շնորհվում (հաղորդվում է, որ Նոբելյան կոմիտեն տեղյակ չի եղել կանադացի գիտնականի մահվան մասին)։ Մրցանակը, սակայն, կարող է շնորհվել, եթե դափնեկիրը մահացել է հաղթող հայտարարվելուց հետո՝ մինչև մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը (ավանդաբար այն տեղի է ունենում դեկտեմբերի 10–ին Ստոկհոլմում)։ Մինչ այսօր նման դեպք երկու անգամ է տեղի ունեցել.1931թ.(շվեդ պոետ Էրիկ Կարլֆելդթին գրականության Նոբելյան մրցանակ շնորհելիս) և 1961թ. (շվեդ դիվանագետ Դագ Համարշյոլդին խաղաղության Նոբելյան մրցանակակ շնորհելիս)։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ստոկհոլմում մեկնարկել է «Նոբելյան շաբաթը»։ Ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտնի դարձավ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակրի անունը։ Նոբելյան կոմիտեն այս տարի այդ մրցանակը «կիսեց» Բրյուս Բոյթլերի, Ժյուլյու Հոֆմանի և Ռալֆ Սթեյմանի միջև։ Բրյուս Բոյթլերն ու Ժյուլյու Հոֆմանն այդ մրցանակին արժանացան իմունիտետի բնագավառում իրենց հայտնագործության համար, իսկ Սթեյմանը՝ իմունիտետ ձեռք բերելու հարցում դենդրիտային բջջիջների դերի մասին հայտնագործության համար։

 

Նոբելյան դափնեկիրը մահացել է մրցանակին արժանանալուց 3 օր առաջ