Արկտիկայի օզոնային անցքն առաջին անգամ համեմատվել է Անտարկտիկայինի հետ
2011թ. առաջին երեք ամիսներին Արկտիկան ռեկորդային քանակությամբ օզոն է կորցրել։ Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Nature գիտական ամսագրի հրապարակումը, հաղորդում է, որ Արկտիկայի վրա առաջացած օզոնային անցքը դարձել է գիտական ուսումնասիրությունների (ավելի քան 20 տարի) ողջ պատմության ընթացքում «ամենախորը» և իր մասշտաբով «մոտեցել է» Անտարկտիկայի օզոնային անցքին։
Հայտնի է, որ ամեն տարի Անտարկտիկայի վրա օզոնային անցք է ձևավորվում՝տարածք, որտեղ օզոնային շերտը դառնում է սովորականից խիստ բարակ։ Նման երևույթ նկատվում է 80–ական թթ. սկսած՝ յուրաքանչյուր գարուն։ Իսկ Արկտիկայում, չնայած այն հանգամանքին, որ օզոնի քանակությունը տարեց տարի տատանվում էր, սակայն երբեք այդքան չէր «բարակել»։
Ուսումնասիրողները նշում են, որ այս նոր արդյունքներն իրենց թույլ են տալու առաջին անգամ համամատել Արկտիկայի և Անտարկտիկայի օզոնային անցքերը.18–20 կմ–ից բարձր մակերևույթի վրա օզոնի կորուստը մոտ 80 տոկոս է կազմել։ Օզոնի ընդհանուր քանակն այժմ առնվազն երկու անգամ քիչ է, քան նախորդ ռեկորդային տարիներին (1996 և 2005թթ.)
Գիտնականները կարծում են, որ այդ փաստը կապված է ստրատոսֆերայում անբնականոն ցածր ջերմաստիճանի հետ։ Բանն այն է, որ նման պայմանները մթնոլորտի վերին շերտերում քլորի ակտիվ միացությունների առաջացմանն են հանգեցնում, որոնք էլ հենց օզոնի հիմնական «քայքայիչներն են» համարվում։
Իսկ ստրատոսֆերայում ցածր ջերմաստիճանի պատճառը կարող է այդ թվում նաև գլոբալ տաքացումը լինել, որը, ինչպես հայտնի է, տաքացնում է ստորին շերտը և, ընդհանուր առմամբ, սառեցնում վերին շերտը։ Գիտնականները, սակայն, չեն շտապում այդ երկու երևույթներն իրար հետ կապել, քանի որ դրանց փոխկակապակցվածությունը դեռևս չի կարել գիտականորեն ապացուցված համարել։










