Թուրքական քարտեզներում Արարատ լեռը պատկերվել է Հայաստանի սահմանում
Թուրքական «Գյուրբուզ» հրատարակչատան կողմից տպագրված Թուրքիայի ֆիզիկական քարտեզում Աղրը Դաղըն (Արարարտ լեռ,– Tert.am) պատկերված է Հայաստանի սահմանում։ Այս մասին Haberiniz.com կայքում լույս տեսած իր հոդվածում գրում է Ֆահրեթթին Օզթոփրաքը՝ նշելով, որ այդ քարտեզների հրատարակությանը, որոնք ներառված են տարրական և միջնակարգ դպրոցների դասագրքերում, հավանություն է տվել Թուքրիայի կրթության նախարարությունը։
«Ո՞վ է վերջ դնելու կրթության նախարարության դավաճանությանն ու անբարոյականությանը» խորագրով հոդվածում Օզթոփրաքը գրում է. «2011-2012թթ. ուսումնական տարում «Գյուրբուզ» հրատարակչատունը տպագրել է Թուրքիայի ֆիզիկական քարտեզը, որտեղ Աղրը Դաղըն պատկերված է Հայաստանի սահմանում։ Մի՞թե սա հայրենիքի և պետության դավաճանություն չէ։ Մի՞թե սա չի նշանակում աղբարկղը նետել 1920թ. ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը»։
Նշենք, որ Թուրքիայում 2007թ. պատրաստված և հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում էր ոչ թե «Աղրը Դաղը», այլ հենց «Արարատ» անունով: Սակայն ազգայնական շրջանակների ճնշումների արդյուքնում Թուրքիայի կրթության նախարարությունը հավաքել էր դասագրքերը և «Արարատ» անվանումը փոխարինել «Աղրը Դաղը»-ով:










