Ամերիկան Հայաստանից սովորելու շատ բան ունի. ամերիկյան պարբերական
«Հայաստանի Հանրապետությունը գերտերություն լինել չի կարող, բայց նրանից Ամերիկան սովորելու շատ բան ունի կրթության առումով։ Նախկին խորհրդային երկիրն անցած ամիս դպրոցներում շախմատը պարտադիր դասավանդման առարկա դարձրեց 6 տարեկանից բարձր երեխաների համար՝ ընդգծելով շախմատի առավելությունները ռազմավարական միտքը զարգացնելու գործում»,– գրում է philly.com կայքի հոդվածագիրը և հավելում, որ դա շատ լավ մտածված քայլ էր մի երկրի կողմից, որը շարժվում է շախմատի աշխարհում գերտերություն դառնալու ուղղությամբ:
Հոդվածագիրը նաև զրուցել է հայազգի աշխարհահռչակ շախմատիստ Գարի Կասպարովի հետ։ Շախմատիստը պատմել է, որ ինքը տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի աշխարհի տարբեր երկրների կառավարությունները շախմատը ներառեն տարրական դասարանների ուսումնական ծրագրում և այժմ հանդես է գալիս Հայաստանի կառավարության վերոնշյալ որոշման պաշտպանությամբ։
Կասպարովը հավելել է, որ ինքն այժմ աշխատում է նման նախաձեռնության վրա Վրաստանում, ինչպես նաև շարունակում է իր հիմնադրամի՝ Kasparov Chess Foundation–ի միջոցով լոբբի իրականացնել ամերիկացի օրենսդիրների և ամերիկյան դպրոցների խորհուրդների շրջանում։
Շախմատիստը ընդգծել է, որ ինքը վստահ է, որ շախմատն արմատապես կարող է փոխել և բարալեվել աշակերտի առաջադիմությունը մաթեմատիկայի, գրել-կարդալու, նույնիսկ արվեստի բնագավառում։ «Շախմատը բավական արագ ես սովորում, բայց գործադրածդ ջանքերի ու կենտրոնացման դիմաց նույնքան արագ չես պարգևատրվում»,– ընդգծել է Կասպարովը՝ հավելելով, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն դպրոցներում, որտեղ շախմատ է ուսուցանվում, ընդհանուր առմամբ բարելավվել է դպրոցականների առաջադիմությունը։










