Ucom-ը կդառնա iCON Communications-ի 100% բաժնետեր. բաժանորդներին «չորսը մեկում» ծառայություններ կմատուցվեն
Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ» ընկերությունը դիմելու է Հանրային ծառայությունները կարգավոևող հանձնաժողով, որպեսզի վերջինս թույլատրի «Այքըն Քոմյունիքեյշնս» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը: Այս մասին հայտարարվեց «Յուքոմ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և «Այքըն Քոմյունիքեյշնս» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի ասուլիսում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին հայտարարվել էր «Յուքոմ»-ի կողմից մեկ այլ օպերատոր «Նետսիս» ընկերության ձեռքբերման մասին: Եսայանը նշեց, որ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ը գնելու մասին բանակցություններն ավելի շուտ էին սկսվել, քան «Նետսիս»-ի հետ բանակցությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվեցին: Նա հավելեց, որ այս պահին ««Յուքոմ»-ը որևէ այլ ընկերություն ձեռք բերելու մասին բանակցություններ չի վարում, թեև նման ցանկություններ կան»: «Յուքոմ»-ի տնօրենի խոսքերով՝ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ը միավորելու գործընթացը կտևի 3-6 ամիս:
Նրա խոսքով՝ դրա շնորհիվ «Յուքոմ»-ը կունենա իր ծածկույթը մեծացնելու և երկու ընկերությունների բաժանորդներին «չորսը մեկում» ծառայություններ մատուցելու հնարավորություն՝ իր կողմից օպտիկամանրաթելային կապուղիներով արդեն մատուցվող ինտերնետի, հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններին գումարելով անլար շարժական ինտերնետի WiMAX տեխնոլոգիայով մատուցվող ծառայությունները: «Մեր բաժանորդների 20%-ն ունեն WiMAX-ով ինտերնետից, օրինակ, հանգստավայրում օգտվելու ցանկություն»,- պարզաբանեց Եսայանը:
Քասարաջյանի խոսքերով, ընթացիկ գործարքն ընձեռում է երկու ընկերությունների՝ Հայաստանի համար հեղափոխական՝ տեխնոլոգիաները մեկտեղելու հնարավորություն: Ըստ նրա՝ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ի ծածկույթում է Երևանի 75%-ը՝ 4 000 բաժանորդով:
Ըստ Եսայանի՝ երկու ընկերությունների տեխնոլոգիաների համակցումից հետո կձևավորվեն նոր փաթեթներ, որոնց գները կներկայացվեն հետագայում:
Պատասխանելով Tert.am-ի հարցին՝ Քասարաջյանը հայտնեց, որ «Այքըն Քոմյունիքեյշնս» ընկերությունը գրանցված է Դուբայում, և ամերիակացի բաժնետերերը նախկինի մեծամասնության փոխարեն ներկայումս փոքրամասնություն են ընկերությունում: Հիշեցնենք, որ «Այքըն Քոմյունիքեյշնս» -ը 2008թ.-ին հիմնադրել է ամերիկահայ գործարար Ադամ Կապլանյանը:










