«Զվարթնոց»–ի նոր ուղևորային համալիրը վաղվանից կընդունի ժամանողներին
Հոկտեմբերի 5–ին, ժամը 13։00–ից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող բոլոր չվերթների սպասարկումը կիրականացվի նոր ուղևորային համալիրից։ Մեկնող չվերթերի, ինչպե նաև VIP սպասարկումները կիրականացվեն այդ նպատակներով նախկինում ևս օգտագործվող շենքերից։ Ուղևորների և այցելուների կողմնորոշումը հեշտացնելու համար ամբողջ օդանավակայանում տեղակայված են ցուցանակներ։
Հիշեցնենք, որ ժամանման համալիրը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 16–ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, մի շարք պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Համալիրի կառուցումը մեկնարկել է 2008թ.–ին։ Օդանավակայանում առկա բոլոր տեխնոլոգիաներով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում. «Զվարթնոցը» Հարավային Կովկասում միակն է, որ համապատասխանում է B վարկանիշին: Օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3,5 մլն. ուղևորի, այսօր ուղևորների քանակը 1,6 մլն է: Տեղադրվել է թռիչքների տեղեկատվության նոր համակարգ, մաքսային նոր գոտի և ուղեբեռի ստացման նոր համակարգ: Ժամում կիրականացվի 2800 ուղեբեռի սպասարկում:
Ըստ օդանավակայիանի կայքի, ներկայումս «Զվարթնոց» չվերթներ են ժամանում և ուղևորվում Փարիզից, Մոսկվայից, Թեհրանից, Հալեպից, Ստավրոպոլից, Վորոնեժից, Պրագայից, Վիենայից, Վարշավայից, Դուբայից, Ռոստովից, Կրասնոդարից, Բեռլինից, Թբիլիսիից և աշխարհի այլ քաղաքներից։










