«ԱրմԹեք Կոնգրես»–ին վերազգային ընկերությունների մասնակցությունն ընդլայնվում է

20:10 • 06.10.11

Հոկտեմբերի 10–11–ը Երևանում անցկացվելիք «ԱրմԹեք Կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4–րդ ամենամյա համաժողովին սպասվում է Cisco, Intel, Microsoft, D-Link, HP, Mentor Graphics, National Instruments և այլ վերազգային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությունը՝ առնվազն տարածաշրջանային տնօրենի մակարդակով։ Նրանց մասնակցությունը պսակվելու է «լավ նորություններով»։ Այս մասին հայտարարվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, «Վիասֆեր Տեխնոպարկ»–ի համահիմնադիր–նախագահ Թոնի Մորոյանի և «Սինոփսիս Արմենիա»–ի գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ասուլիսում։

Ըստ Ենգիբարյանի, նախատեսվում է, որ համաժողովը կբացի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կմասնակցի նաև նշված ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկմանը, որը կվերաբերի ոլորտի ձեռքբերումներին և ապագա անելիքին։

Նրա խոսքով, «ԱրմԹեք»–ը (հերթափոխով անցկացվում են Երևանում ու Սիլիկոնային հովտում) ընձեռել է Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն դիրքավորելու հնարավորություն։ Մորոյանն իր հերթին նշեց, որ համաժողովների շնորհիվ Սիլիկոնային հովտում ըստ արժանվույն են ընդունում, երբ մեկն ասում է, թե ընկերության մեծ մասը տեղակայելու է Հայաստանում։ Ըստ նրա՝ նույնիսկ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և Ադրբեջանը չեն կարողանում պարբերաբար համաժողովներ անցկացնել Սիլիկոնային հովտում։ Մուսայելյանը հավելեց, որ հենց առաջին՝ «ԱրմԹեք 2007»–ից համաժողովն անցկացվեց շատ բարձր մակարդակով և այդ «բացառիկ նշաձողը» պահպանվեց նաև հետագայում, քանի որ Հայաստանի ՏՏ համայնքը «ասելիք ունի»։

Ենգիբարյանի տվյալներով, համաժողովին մասնակցելու համար գրանցվել են 100–ից ավելի մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ–ից, Եվրոպայից, Ռուսաստանից ու ԱՊՀ այլ երկրներից։ «ԱրմԹեք»–ին առաջին անգամ ներկայացված կլինի ԼՂՀ–ն՝ իր ՏՏ կենտրոնով։
 

«ԱրմԹեք Կոնգրես»–ին վերազգային ընկերությունների մասնակցությունն ընդլայնվում է