Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով հարևանները համադրելի չեն Հայաստանի հետ. ՁԻՀ–ի տնօրեն
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մերձակա հարևանները համադրելի չեն Հայաստանի հետ,– հայտարարեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ այսօրվա ասուլիսում պատասխանելով Tert.am–ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ներառվել The Economist – Economist Intelligence Unit–ի աշխարհի 66 երկրների ՏՏ մրցունակության վերջերս հրապարակված վականիշային աղյուսակում (The IT Industry Competitiveness Index 2011)։ Վարկանշվել են ըստ տարածաշրջանների ՏՏ–ների զարգացման համար ամենաբարենպաստ պայմաններ և ամենամեծ աջակցությունը ապահովող երկրները։
Ենգիբարյանը նշեց, որ Հայաստանը նախկինի համեմատ մեծ առաջընթաց է ապահովել նաև հասարակության կողմից ՏՏ–ների կիրառման հարցում՝ առաջ անցնելով Վրաստանից և Ադրբեջանից։ «Ենթաոլորտներ կան, մասնավորապես չիպերի նախագծման ավտոմատացումը, որտեղ Հայաստանն ուղիղ մրցակցում է Միացյալ Նահանգների հետ. ոլորտի երկու հսկաները՝ «Սինոփսիս»–ը, «Մենթոր Գրաֆիկս»–ը բացի Հայաստանից, տարածաշրջանի որևէ այլ երկրում ներկայացված չեն»,– պարզաբանեց նա՝ հավելելով, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ գործում է «Նոկիա»–ի լաբորատորիան, Հնադաստանի ՏՏ–ների կենտրոնը։
Ինչ վերաբերում է ՏՏ ձեռնարկությունների քանակին, ապա եթե Հայաստանում դրանք 300–ն են, ապա Վրաստանում՝ 10–15–ը, Ադրբեջանում՝ 30–35–ը։ Ենգիբարյանի տվյալներով, այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատում է 11–12 հազ. մարդ, որոնցից 5 հազարը մասնագետներն են։ Նրանք ստանում են ամենաբարձր աշխատավարձը տնտեսությունում՝ անհամեմատելի տարածաշրջանի մյուս երկրների և համեմատելի, օրինակ, Չեխիայի և Լեհաստանի ՏՏ մասնագետների աշխատավարձի հետ։
«Սինոփսիս Արմենիա»–ի գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարևորեց ըստ առկա վարկանիշերի ՏՏ ոլորտի ցուցանիշների «գույքագրումը», քանի որ հաշվի չի առնվում, որ Չինաստանի համալսարաններում միկրոէլեկտրոնիկա է դասավանդվում Հայաստանում մշակված կրթական ծրագրով։ Նրա խոսքերով, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում առաջ ընթանալու համար հարևան երկրները մտավոր ներուժ չունեն։
«Վիասֆեր Տեխնոպարկ»–ի համահիմնադիր, Սիլիկոնային հովտում հայտնի ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանն իր հերթին նշեց, թե պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թե ով է կազմում վարկանիշը և ով է վճարում դրա համար։ Նա հավելեց, որ «մենք պետք է համագործակցենք վարկանիշային ընկերությունների հետ, քանի որ միշտ կարելի է ազդել վարկանիշերի վրա»։
Հիշեցնենք, որ The IT Industry Competitiveness Index 2011–ում Հայաստանին հարևան երկրներից վարկանշվել են Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, որոնք աղյուսակում զբաղեցրել են, համապատասխանաբար, 64–րդ (2009թ.–ի համեմատ նահանջը 3 տեղ է), 41–րդ (առաջընթացը 5 տեղ), 66–րդ (դիրքը չի փոխել) տեղերը։
ԱՊՀ անդամ մյուս երկրներից Ռուսաստանը 46–րդն է (նահանջ 8 տեղով), Ուկրաինան 51–րդը (նահանջ 1 տեղով), Ղազախստանը 60–րդն է (նահանջ 6 տեղով)։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել գործարար միջավայրի, ՏՏ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, գիտահետազոտական աշխատանքների միջավայրի, օրենդրական դաշտի և ՏՏ ոլորտին աջակցության պայմանները։










