«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացվել է տեխնոլոգիական ակումբ

17:19 • 06.10.11

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է ընկերության` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից տեխնոլոգիական ակումբի բացման մասին:

Հայաստանում հաճախորդների սպասարկման ոլորտում արվող հերթական նորարարությունը հատուկ կահավորված տեխնոլոգիական ակումբի ստեղծումն է: Ակումբի նպատակն է ընկերության բաժանորդների և պոտենցիալ հաճախորդների համար ստեղծել հարմարավետ միջավայր` ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականուն ծանոթանալու նպատակով: Հատուկ կահավորված կոնֆերանս-դահլիճում ներկայացված է լինելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կորպորատիվ սակագնային պլանների, ձայնային և տվյալների փոխանցման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների լայն տեսականի:

Ակումբում հաճախորդներին կառաջարկվի նաև անվճար Wi-Fi ինտերնետ կապ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող հեռախոսների և աքսեսուարների նորագույն մոդելների լայն տեսականին կներկայացվի հատուկ նախատեսված ցուցափեղկերում: Բացի այդ, հատուկ սարքերով կցուցադրվեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից առաջարկվող հեռախոսների և բջջային լուծումների ֆունկցիոնալ հնարավորությունները և առավելությունները:

«Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում` Գյումրիում, հաճախորդամետ միջավայր և տեխնիկական հնարավորություններ առաջարկող տեխնոլոգիական ակումբը բաժանորդների սպասարկման ոլորտում սահմանում է նոր չափանիշներ: Տարածաշրջանի բաժանորդներն ու պոտենցիալ հաճախորդները գրավիչ և տրամադրող միջավայրում կկարողանան ծանոթանալ, տեսնել և փորձարկել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նորարարական ապրանքներն ու ծառայությունները»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորն առաջարկում է 105 սպասարկման կենտրոն ունեցող` հանրապետության ամենալայն ցանցը:

Սպասարկման կենտրոնի նորաբաց ակումբում ներկայացված է ընկերության ծառայութունների ամբողջ տեսականին. այդ թվում` միջազգային ռոումինգը, հետվճարային և կանխավճարային ծառայություններն ու սակագնային պլանները, տարբեր արժեքների լիցքավորման քարտերը, կոմունալ ծառայությունների դիմաց վճարման հնարավորությունները, հեռախոսահամարի ընտրության հնարավորությունը, տվյալների փոխանցման սակագնային պլաններն ու դրանց համար նախատեսված 3G մոդեմները, ինչպես նաև` Wi-Fi երթուղիչները, բջջային հեռախոսները, աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներն ու այլ ծառայություններ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացվել է տեխնոլոգիական ակումբ