Արկտիկայի բազմամյա սառույցը գրեթե անհետացել է
Գերմանացի գիտնականները հինգշաբթի օրը վերադարձել են 16 շաբաթյա գիտարշավից: Նրանք պարզել են, որ Արկտիկայի շրջանում բազմամյա սառույցները գրեթե վերացել են, և նրանց փոխարեն «երիտասարդ» միամյա սառույց է գոյացել: Այս մասին հաղորդել է արշավախումբը կազմակերպած Ալֆրեդ Վեգեների անվան գերմանական բևեռային ուսումնասիրությունների ինստիտուտը:
«Արկտիկայի կենտրոնական հատվածում բազմամյա սառույցների ծավալը կտրուկ նվազել է, այժմ սառցադաշտերը հիմնականում բարակ սառույցից են, նախկին 2-5 մետրի փոխարեն այժմ միայն 90 սանտիմետր հաստությամբ միամյա սառույց է», - նշում են գիտնականները:

«Պոլարշտեյն» («Բևեռային աստղ») գիտա-հետազոտական նավի անձնակազմը բաղկացած է 6 երկրներից հավաքված 130 գիտնականներով արշավախմբից, որի ղեկավարներն են Մարսել Նիկոլաուսը (Marcel Nicolaus) և Ստեֆան Հենդրիկսը (Stefan Hendricks): Նրանք անցնելով 11.8 հազար ծովային մղոն (21.8 հազար կիլոմետր) հինգշաբթի վերադարձել են հայրենիք:
РИА Новости գործակալությունը հաղորդում է, որ սառույցի հաստությունը չափվել է էլեկտրամագնիսական ինդուկցիայի մեթոդով` «EM Bird» կոչվող սարքով, որը 4 մետրանոց զոնդ է: Չափումները կատարվել են ուղղաթիռից: Գիտնականները ստացել են Արկտիկայի կենտրոնական հատվածի ծովային սառույցների հաստության մի շարք «պրոֆիլներ», որոնց ընդհանուր երկարությունը մոտ 2.5 հազար կմ է:










