Ճապոնացի գիտնականները շաքարախտի բուժման հեղափոխական միջոց են գտել

18:17 • 07.10.11

Շաքարախտի բուժման բանալին մարդու գլխուղեղում է: Հետազոտողները առաջարկում են քթով դուրս բերվող նյարդային ցողունային բջիջները վերածել ենթաստամոքսային բջիջների, որոնք կարող են ինսուլին արտադրել և բուժել շաքարախտը: Այս մասին հայտնում է New Scientist-ը:

Հայտնի է, որ բետա բջիջները ինսուլին են արտադրում, որոնք կարգավորում են օրգանիզմում գլյուկոզայի քանակը: Առաջին տեսակի շաքարախտի ժամանակ իմունային համակարգը ոչնչացնում է այդ բջիջները, իսկ երկրորդ տիպի շաքարախտի ժամանակ բջիջները պարզապես չեն կարողանում անհրաժեշտ քանակությամբ ինսուլին արտադրել:

Ճապոնիայի առաջավոր արդյունաբերական գիտության և տեխնոլոգիաների ազգային համալսարանի մասնագետը առաջարկում է դեֆեկտավոր բջիջները փոխարինել գլխուղեղի բջիջներով:

Նոր տեխնոլոգիան փորձարկվել է առնետների վրա: Արդյունքում, մի շաբաթվա ընթացքում շաքարախտով հիվանդ առնետների արյան մեջ շաքարի մակարդակը համապատասխանեցվել է նորմային:

Անհրաժեշտ է նշել, որ ճապոնացի հետազոտողների առաջարկած բուժման տարբերակը հետագայում գենետիկական մուտացիաներ չի առաջացնում:

Ճապոնացի գիտնականները շաքարախտի բուժման հեղափոխական միջոց են գտել