ԵրՖԻ–ի վերակազմավորվան հարցը կքննարկվի Հանրային խորհրդի նիստում

18:24 • 07.10.11

Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստում այսօր քննարկվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ), ներկայումս «Ալիխանյանի անվ. Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ–ը հիմնադրամի վերակազմավորելու հարցը, ինչին կողմ է արտահայտվել միայն ինստիտուտի ներկայիս տնօրեն Աշոտ Չիլինգարյանը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ինստիտուտի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ռուբեն Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ նիստի մյուս մասնակիցները դեմ են արտահայտվել ինստիտուտի վերակազմավորմանը։ Որոշվել է այդ հարցը դնել Հանրային խորհրդի նիստի քննարկմանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 1–ի նիստում ընդունել էր նշված վերակազմավորման մասին որոշում։ Մինչ այդ, ինստիտուտի 80 գիտաշխատողներ ստորագրել են Նախագահին, վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, Հանրային խորհրդին ուղղված մի նամակ, որով պահանջել են քննարկել ոչ միայն վերակազմավորման, այլև ԵրՖԻ–ի և հանրապետությունում հիմնարար գիտության զարգացման հետ կապված այլ հարցեր։ Կառավարության կողմից որոշման կայացումից հետո 54 գիտաշխատողների մասնակցությամբ անցած ժողովը կառավարությունից պահանջել է կասեցնել ինստիտուտի վերակազմավորումը հիմնադրամի, անվստահություն հայտնել էկոնոմիկայի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանին՝ առանց ինստիտուտի անձնակազմի հետ քննարկման վերակազմավորման գործընթացը նախաձեռնելու համար, և կառավարությանն առաջարկել է ապահովել, որ էկոնոմիկայի նախկին նախարար, ներկայումս Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը որևէ անչություն չունենա ինստիտուտի հետ։ Վերջինս հունիսի 23–ին ինստիտուտ է այցելել և հայտնել, որ ՊՈԱԿ–ը վերակազմավորվելու է հիմնադրամի ու ինքն է լինելու դրա հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Վերակազմավորմանը դեմ գիտնականները մտավախություն ունեն, որ հիմնադրամ դառնալուց հետո ֆիզիկայի գիտական մակարդակով աշխարհի առաջատար կենտրոններից մեկը կարող է կորցնել իր դիրքերը հիմնարար գիտության ասպարեզում։
 

ԵրՖԻ–ի վերակազմավորվան հարցը կքննարկվի Հանրային խորհրդի նիստում