Բրիտանիայում սովորել են բամբուկից հեծանիվ պատրաստել

20:25 • 08.10.11

Բիրմինգհեմյան խոշոր ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է բամբուկից պատրաստված առաջին բրիտանական հեծանիվը:

Հեծանիվի հեղինակներն են Օքսֆորդի Բրուքս համալսարանի դիզայներները: Նրանց խոսքերով` իրենց նորույթը օժտված է պողպատի ճկունությամբ և ածխածնի մանրաթելի առաձգականությամբ: Նրանք նշել են, որ իրենց մոդելի համար ընտրել են բամբուկը հենց այդ հատկությունների համար, իսկ բնապահպանական որակը երկրորդ տեղում էր:

Հեծանիվի համահեղինակներից մեկը հայտնել է, որ բամբուկի գաղափարն առաջացել է դասերի ժամանակ, երբ ուսանողները փորձարկում էին տարբեր նյութերի հատկությունները:

BBC-ի հաղորդմամբ, աշխարհում աճող 1500 բամբուկի տեսակներից ընտրվել է կոնկրետ մեկը, և այդ տեսակն էլ հնարավոր է գործածել միայն աճման որոշակի փուլում:

Հեծանիվներն արտադրում է յորքշիրյան Raw Bikes ընկերությունը , որտեղ մեկ հեծանիվի պատրաստումը տևում է 3 օր: Այստեղից էլ դրանց ոչ այնքան ցածր գինը` 1750 փաունդ (մոտ2600 դոլար):


Raw Bikes-ի տնօրինությունը պնդում է, որ հեծանիվի ամրությունը և երկարակեցությունն են, որ ապահովում են այս մոդելի գրավչությունը շուկայում, սակայն բոլորին չէ, որ գոհացնում է գինը:

Բրիտանիայում սովորել են բամբուկից հեծանիվ պատրաստել