Microsoft-ի Mango-ն մի քանի տարում կարող է շուկայի առաջատարներից մեկը դառնալ
«Ինչ–որ ժամանակ առաջ մենք շուկայի զարգացումը դիտարկում էինք միայն մեկ ուղղությամբ, բայց շուկայում այլ ընկերությունների, օրինակ, Սթիվ Ջոբսի ընկերության արտադրանքի և սարքերի հայտնվելուց հետո, մենք վերանայեցինք այդ առարկաների նկատմամբ մեր հայացքները՝ ստեղծել ենք նոր ինտերֆեյս (միջերես), նոր ծրագրային հավելվածներ և այժմ ջանում ենք ավելի հեռուն նայել»,– ռուսաստանյան «Էքսպերտ օնլայն»–ին ասել է Microsoft–ի գործածականության (usability) գծով փորձագետների խմբի ղեկավար, Apple-ին և MTV–ի նախկին աշխատակից Մեգան Դոնահյուն՝ ներկայացնելով նոր Mango (Windows Phone 7 Mango) շարժական օպերացիոն համակարգը (ԳՀ) և դրա Metro կոչվող ընդհանուր դիզայնը:
Նրա կարծիքով՝ Microsoft-ի մշակողներն այս անգամ ջանացել են առանձնահատուկ ուշադրություն դարձնել բովանդակությանը՝ ինտերֆեյսն ազատելով ծանրաբեռնված և ոչ անհրաժեշտ գործառնություններից: Նոր ՕՀ–ն կտրուկ տարբերվում է ոչ միայն նախորդ Windows Mobile–ից, այլև այլ արտադրողների ՕՀ–ներից, քանի որ չկան հազարավոր պատկերակներ (icon) և բովանդակությունը բաշխված է գունավոր «փեղկերում»։ Դոնահյուն ասում է, որ «նոր համակարգի ստեղծման ժամանակ մենք ստիպված էինք շատ բան վերանայել, որպեսզի հնարենք նոր գրաֆիկա և ստանանք անհրաժեշտ տառատեսակը։ Մենք ոգեշնչում ենք փնտրել ամենատարբեր բաներում՝ ազդագրերում, գրքերում, ճարտարապետությունում և գեղանկարչությունում»։
Համաշխարհային վերլուծական ընկերությունները, օրինակ, Gartner-ը, կարծում են, որ Mango-ն կարող է շուկայի առաջատարներից մեկը դառնալ մինչև 2015թ։
Ներկայում Windows Mobile–ների բաժինը սմարթֆոնների ՕՀ–ների ընդհանուր շուկայում չի անցնում 5%–ը։ Պատճառն այն է, որ Microsoft-ը ուշ թողարկեց «հարմար» ՕՀ-ն` շուկան երկու–երեք տարով թողնելով մրցակիցներին, առաջին հերթին՝ Google–ին, որն իր Android համակարգով զբաղեցրել է շուկայի 40%-ը։










