Վեներայի մթնոլորտում օզոնային շերտ է հայտնաբերվել

12:25 • 08.10.11

Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները Venus Express զոնդի տվյալները մշակելիս Վեներա մոլորակի մթնոլորտում օզոնային շերտ են հայտնաբերել: Երբ տիեզարական սարքի՝ մոլորակի մթնոլորտի միջով անցնող «հայացքը» կիզակետել են (ֆոկուս) աստղերի վրա, հեռավոր աստղերն սպասվածից հեռու են երևացել, ինչը վկայում է այն մասին, որ Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակի մթնոլորտը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները: Հետագա հաշվարկները ցույց են տվել, որ Վեներայի օզոնային շերտը գտնվում է մակերևույթից 100 կմ բարձրության վրա՝ 3 անգամ բարձր, քան Երկրի վրա։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Մինչ այժմ հաստատվել էր, որ օզոնային շերտ ունեն Երկիրն ու Մարսը։ Վեներայի մթնոլորտը երկրայինից կտրուկ տարբերվում է իր բաղադրությամբ և խտությամբ, սակայն նույնիսկ այդ պայմաններում օզոնային շերտի առկայության ապացույցը կարող է դառնալ ևս մի ազդակ այն մոլորակների որոնումը շարունակելու համար, որոնք կարող են հեռավոր ապագայում պիտանի լինել գաղութացման համար։

Օզոնի (թթվածնի եռատոմ մոլեկուլներ) շերտը պաշտպանում է օրգանիզմները ուլտրամանուշակագույն և արեգակնային ճառագայթումից ու քայքայվում քլորի ազդեցությամբ, ինչի պատճառով Երկրագնդի որոշ շրջանների վրա գոյացել են, այսպես կոչված, օզոնային անցքեր։

Վեներայի մթնոլորտում օզոնային շերտ է հայտնաբերվել