Հայաստանի ՏՏ ոլորտը սկսել է մասնագիտանալ բարդ ծրագրային պրոդուկտների արտադրությունում. վարչապետ
«ԱրմԹեք Կոնգրես»-ը Հայաստանի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է բարձր տեխնոլոգիաների գործարար համաժողով, որի նպատակը ոլորտի շարունակական զարգացումն է, այդ ոլորտի ներդրումների և գործարար կապերի խթանումը։ Այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` այսօր Երևանում մեկնարկած «ԱրմԹեք Կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնելոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի ողջույնի խոսքում:
Նա հայտնեց, որ վերջին երեք տարիներին Հայաստանի ՏՀՏ ոլորտում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. եթե 2008թ.-ին 1 մեգաբիթ թողունակությամբ օպտիկամանրաթելային կապուղու ամսական վարձակալման գինը 1,2 մլն դրամ էր (մոտ 3,2 հազ. ԱՄՆ դոլար), ապա այս տարի ընդամենը 50 հազ. դրամ է։ Եթե երեք տարի առաջ ինտերնետից օգտվում էր 80 հազ. մարդ, ապա այս տարի` 341 հազարը, իսկ բջջային բաժանորդների թիվը 1,18 միլիոնից հասել է 3 մլն 331 հազարի: Այդ ամենը վկայում է այն մասին, որ որակապես փոփոխվել է հասարակությունը. ինտերնետից օգտվողների բանակը երիտասարդացել է, այն մտել է կյանքի բոլոր բնագավառներ:
Սարգսյանը հավելեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտը սկսել է մասնագիտանալ բարդ ծրագրային պրոդուկտների արտադրության ոլորտում, ինչի մասին է վկայում այստեղ մի շարք վերազգային ընկերությունների կենտրոնների ստեղծումը` ոլորտի տեղացի հմուտ մասնագետների ներուժի օգտագործմամբ: Նրա տվյալներով, Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի շուրջ 300 ձեռնարկություն, որտեղ աշխատում են 5,5 հազ. մասնագետներ, իսկ հեռահաղորդակցության ոլորտի հետ մայիսին վերցրած` 10 հազ. մասնագետներ: ՏՀՏ ընկերությունների կողմից մասնագետների պահանջարկը տարեկան է 1000 մարդ է, ինչը նշանակում է, որ ոլորտն ունի տարեկան 20%-ով աճելու ներուժ: Ոլորտում տարեկան թողարկվում է 200 մլն դոլարի արտադրանք, ինչով այն զիջում է միայն հանքահումքային ոլորտին: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում ՏՀՏ ոլորտը կդառնա Հայաստանի տնտեության առաջատարը:
Այնուհետև ելույթ ունեցան «Սինոփսիս»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Չի Ֆուն Չանը, ով ներկայացրեց Հայաստանում և միկրոէլեկտրոնիկայի ոլորոտում առաջատար մի շարք այլ երկրներում այդ ոլորտի զարգացման տարբերությունները և Հայաստանում հետագա զարգացման հնարավորությունները, «Նեյշնլ Ինսթրումենթս»–ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արամ Սալաթյանն ընկերության օրինակի վրա ներկայացրեց որպես բարձր տեխնոլոգիաներ արտադրող՝ Հայաստանի հնարավորությունները: D-Link ընկերության փոխնախագահ Թոմաս Վոնգը ներկայացրեց ընկերության Գյումրիի կենտրոնի զարգացումը: Ելոույթ ունեցան նաև «Մենթոր Գրաֆիկս», «Սիսկո» ընկերությունների ներկայացուցիչները: Համաժողովի առաջին լիագումար նիստի վերջում «Վիասֆեր Տեխնոպարկի» հիմնադիր-նախագահ Թոնի Մորոյանը ներկայացրեց համահայկական կառույցի ձևավորման գործում բարձր տեխնոլոգիաների կրիտիկական դերի վերաբերյալ իր տեսակետները։
Երկօրյա «ԱրմԹեք Կոնգրես 2011»–ի նաև բաժիններով իրականացվելիք քննարկումները կվերաբերեն Հայաստանի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջավայրի բարելավմանը, հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններին և միտումներին, սկսնակ ձեռնարկությունների հիմնադրմանը, փոքր և միջին ձեռնարկատիրությունում լայնաշերտ ինտերնետի կիրառմանը, էլեկտրոնային հասարակության ձևավորմանը, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթության դերին, կիրառական գիտության ծրագրերին և «ԱրմԹեք Կոնգրեսի» ռազմավարությանը։










