Հայաստանում կհիմնվի շարժական լուծումների տարածաշրջանային լաբորատորիա
Այս տարի Հայաստանում կստեղծվի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Այսօր Երևանում մեկնարկած «ԱրմԹեք Կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնելոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ լաբորատորիայի հիմնադրման աշխատանքները կիրականացնի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (Հայաստան), որը հաղթել է Ֆինլանդիայի կառավարության, Nokia ընկերության և Համաշխարհային բանկի կողմից ԱՊՀ տարածաշրջանում հայտարարված մրցույթին։
Լաբորատորիան կլինի ողջ աշխարհի համար նախատեսվող հինգ հիմնական լաբորատորիաներից մեկը։ Աշխատանքներն ուղղված կլինեն շարժական լուծումների և արտադրանքների առևտրայնացման, տեխնիկական և կառավարման հմտությունների զարգացման, տարածաշրջանային ձեռնարկությունների և մասնագետների միջև կապերի հաստատման ու ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:










