«Մայքրոսոֆթի» երևանյան ինովացիոն կենտրոնը մոդել է Կենտրոնական Եվրոպայի համար

17:00 • 10.10.11

«Մայքրոսոֆթի» երևանյան ինովացիոն կենտրոնը տարածաշրջանում ամենախոշորն է, և դրա փորձը կիրառվում է որպես Կենտրոնական Եվրոպայում համանման կենտրոնների ստեղծման մոդել: Երևանում մեկնարկած «ԱրմԹեք Կոնգրես 2011»–ի ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ ինովացիոն կենտրոնը հիմնվել է կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորոցիայի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, 2011թ. մայիսին։ «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնի նպատակն է կորպորոցիայի գործիքների և ծրագրերի կիրառմամբ ստեղծել մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման միջավայր՝ ձեռներեցության հմտությունների կատարելագործման, նորարական գաղափարների ձևավորման, թեստավորման և առաջ մղման համար: Ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից, «Մայքրոսոֆթի», ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի կառավարության և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ: Վարչապետը հավելեց, որ ներկայումս ինովացիոն կենտրոնը աջակցություն է ցուցաբերում փոքր և միջին ձեռնարկություններին՝ դասընթացների, սեմինարների և փորձի փոխանակման միջոցով, նորարական և արդյունավետ միջոցների կիրառումով։