Ջոբսը մի քանի տարվա համար Apple-ի արտադրանքների ծրագիր է թողել
Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսն իր կյանքի վերջին օրերը կնոջ՝ Լորինի և երեխաների հետ է անցկացրել։ Ռուսական Newsru.com կայքը հաղորդում է, որ Ջոբսը կյանքի վերջին շրջանում աշխատանքային հարցեր չի լուծել, իր ընկերների հետ չի հանդիպել, սակայն, իմանալով, որ շուտով հրաժեշտ է տալու կյանքին, Apple–ի նոր արտադրանքների թողարկաման պլան է մշակել՝ առաջիկա մի քանի տարվա համար։ Թե կոնկրետ ինչ է առաջարկել Ջոբսը, առայժմ չի հաղորդվում։
Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ փետրվարին բժիշկները Ջոբսին հասկացրել են, որ իրեն շատ քիչ ժամանակ է մնացել։ Իսկ Ջոբսն այդ մասին իր մի քանի ընկերներին է հայտնել, վերջիններս էլ` իրենց ծանոթներին։ Դրանից հետո շատերն են ցանկացել հանդիպել ու հրաժեշտ տալ Ջոբսին։ Ջոբսի կինը, սակայն, նրանց մեծ մասին մերժել է, և Ջոբսի մահվան նախօրեին միայն մեկին է խոստովանել, որ ամուսինն այնքան թույլ է, որ չի կարողանում նույնիսկ տան աստիճաններով բարձրանալ։
Հաղորդվում է, որ Ջոբսն ինքն է «խստորեն սահմանել» այն մարդկանց շրջանակը, որոնց ինքը ցանկացել է հրաժեշտ տալ։ Այսպես, վերջին շրջանում նա իր մոտ ընկերոջը՝ բժիշկ Դին Օրնիշին, հրավիրել էր իր սիրելի չինական ռեստորաններից մեկում սուշի ուտելու։ Ջոբսը հրաժեշտ է տվել նաև իր գործընկերներին, այդ թվում՝ գործարար Ջոն Դիրին, Apple ընկերության կառավարման խորհրդի անդամ Բիլ Քեմպբելին, Disney ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերին։ Բացի այդ, հայտնի է դաձել, որ նա Apple ընկերության ղեկավարներին iPhone 4S–ի շնորհանդեսի առնչությամբ (տեղի ունեցավօրեր առաջ) խորհուրդներ է տվել։ Մահվանից առաջ նա նաև շփվել է իր կենսագրական գրքի հեղինակ Ուոլթեր Այսաքսոնի հետ։
Պարբերականը ընդգծում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ջոբսը մինչև վերջ կյանքի հանդեպ հույսը չի կորցրել, այդուհանդերձ, պատրաստվել է մահվան։ Ինչպես պատմել է բժիշկ Օրնիշը, Ջոբսն ինքն է նախընտրել վերջին օրերին իր ընտանիքի հետ անցկացնել, որոնց ինքը շատ էր սիրում։ Մի անգամ նույնիսկ երբ Օրնիշը Ջոբսին հարցրել է, թե արդյոք նա ուրախ է, որ երեխաներ ունի, Ջոբսը պատասխանել է, որ դա 10 000 անգամ ավելի լավ է այն ամենից, ինչ ինքը ստեղծել է։
Ջոբսը ուներ 4 երեխա՝ մեկ որդի և երկու աղջիկ Լորինից, ինչպես նաև արտաամուսնական կապի արդյունքում ծնված ևս մեկ դուստր։
Ջոբսի հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ անցած ուրբաթ։ Դրան մասնակցել են միայն նրա ընտանիքի անդամները։ Վայրը, որտեղ հողին են հանձնել Ջոբսին, գաղտնի է պահվում:










