Համազասպյանը կարող է Հայաստանի փոխարեն Բելառուսում սկսել անհատական արևային համակարգերի արտադրությունը

16:58 • 11.10.11

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր ղեկավարած «Կանաչ խաչ» բնապահպանական միջազգային կազմակերպության (գրասենյակը՝ Ժնև) միջոցով պատրաստ է 8 մլն դոլար հատկացնել Սպիտակի նախկին վերելակաշինական գործարանում հելիոտեխնիկական գործարան ստեղծելու համար։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց հելիոսարքերի և Հայաստանի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։

Նրա խոսքով՝ համապատասխան խոստումը Գորբաչովը տվել է այս տարվա հուլիսի 13–ին Սպիտակի նախկին շրջկոմի քարտուղար Նորայր Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ։ «Գորբաչովն իր պարտքն է համարում օգնել աղետի գոտուն՝ Սպիտակին»,– նշեց գիտնականը՝ հավելելով, որ ներկայումս կազմվում է արտադրության գործարար ծրագիրը։ Նախատեսվում է, որ գործարանը օրական կթողարկի 5 կՎտ հզորության 1000 արևային անհատական համակարգեր, որոնք բոլորը միասին 80 օրում կարող են տալ Հայկական ատոմակայանի արտադրության հզորությանը համարժեք էներգիա։

Ըստ գիտնականի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն և Սպիտակի վերելաշինական գործարանի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը համաձայնել է սկսել հելիոսարքերի արտադրությունը։

«Բայց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընկերներն ինձ բացատրեցին, որ եթե իշխանությունները չցանկանան, այդ գումարը չեք կարող բերել Հայաստան»,– շեշտեց Համազասպյանը՝ հավելելով, որ ունի հելոիսարքերի արտադրությունը Բելառուսում կազմակերպելու տարբերակ, և տեղի ընկերությունների հետ բանակցություններն սկսվել են։

ԳԱԱ Ռադիոֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Պարիս Հերունու որդին՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Վահագն Հերունին, իր հերթին նշեց, որ ամեն կերպ խոչընդոտվում է նաև Արագածոտնի մարզի Օրգով գյուղի կիսակառույց արևային էլեկտրակայանի շինարարությունը, որը սկսվել է դեռևս 1994թ.–ին, սակայն դադարեցվել է ներդրողի կողմից պայմանագիրը խախտելու պատճառով։ Շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ է 1,5 մլն դոլար։

Համզասպյանը պարզաբանեց, որ Հայաստանում ամեն կերպ խոչընդոտում են հելիոֆիկացիայի նաև կրթական ծրագրերի իրականացմանը, այն դեպքում, երբ այս տարվա սեպտեմբերի 21–ին՝ Հայաստանի անկախության օրը, Ադրբեջանում մի ամբողջ հելիոավան է բացվել՝ նախագահի մակարդակով։ Գիտնականը հավելեց, որ այդ երկրում հելիոտեխնոլոգիաների զարգացումն ավելի ուշ է սկսել, քան Հայաստանում, սակայն նավթով հարուստ այդ երկրում ծրագրել են էներգիայի 10%–ն ստանալ արևից։

«Հիմա մեր նախարարություններով պտտվում է ռուսահայ հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանի նամակը՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, որով նշվում է, թե դրանք շատ կարևոր աշխատանքներ են և պետք է զարգացնել։ Հիմա էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից զանգում–հարցնում են՝ ի՞նչ գրենք, պետք է վարչապետին պատասխան տանք»,– հայտնեց գիտնականը։ Նա նաև հայտնեց, որ չի հրաժարվում այն տեսակետից, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն է խոչընդոտում Հայաստանում հելիոֆիկացիայի զարգացմանը։ Համազասպյանի խոսքով՝ օգոստոսի 19–ի ասուլիսից հետո, երբ նման տեսակետ է հայտնել, նա ստացել է դատարան դիմելու սպառնալիքով հեռախոսազանգեր։

Նշվեց, որ Հայաստանի հելիոֆիկացմանը դեմ են, մասնավորապես, ատոմակայանի կառուցման կողմնակիցները և գազի բիզնեսով զբաղվողները։

Համազասպյանը կարող է Հայաստանի փոխարեն Բելառուսում սկսել անհատական արևային համակարգերի արտադրությունը