Մարդկությունը կարող է հրաժարվել ձեռքսեղմումից
Գիտնականները խորհուրդ են տալիս իրար ձեռք չսեղմել գրիպի համաճարակի ծավալման շրջանում։ Դրա փոխարեն, տարօրինակ խորհուրդ են տալիս, ավելի լավ է՝ հպվեք արմունկներով:
Կալիֆոռնիայի Ստենդֆորդի համալսարանի առաջատար մասնագետները համարում են, որ ձեռքսեղմումը նպաստում է գրիպի համաճարակի արագ տարածմանը:
Պրոֆեսոր Նաթան Վոլֆն առաջարկում է՝ որքան հնարավոր է արագ ձեռքսեղմանն այլընտրանք գտնել: Դա կարող է լինել մի բան, որն առավել անվտանգ կլինի հիգիենիկ տեսանկյունից, ասենք, միմյանց բարևելն արմունկների հպումով, կամ էլ, առհասարակ, հրաժարվել անմիջական շփումից և ճապոնացիների օրինակով՝ անցնել խոնարհման տարբերակին: Ստենդֆորդի գիտնականի կարծիքով՝ ձեռքսեղմումները վտանգավոր են ոչ միայն գրիպի համաճարակի տարածման տեսանկյունից: Դրանց միջոցով մարդիկ վարակվում են տարատեսակ աղիքային հիվանդություններով: Հիվանդության հարուցիչները շատ արագ ներթափանցում են մաշկի տակ և սկսում են իրենց կործանարար գործունեությունը` գրում է medikforum.ru-ն:
Հիվանդության հարուցիչները կարող են մինչև 24 ժամ պահպանվել հեռակառավարման վահանակների, աշխատանքային սեղանի, դռան բռնակների և նույնիսկ թեյնիկների մակերեսին: Դրանք հայտնվում են մարդու ձեռքի ափի վրա, որտեղից էլ հեշտությամբ` ձեռքսեղմելու միջոցով անցնում են այլ մարդկանց:










