ՀԾԿՀ–ն նվազեցրեց «ԱրմենՏել»–ի տվյալների փոխանցման կապուղիների վարձակալման մեծածախ սակագինը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հոկտեմբերի 12–ի նիստում սահմանել է «ԱրմենՏել» ընկերության կողմից 1 մբիթ/վրկ արագությամբ կապուղու մեծածախ վարձակալման գնի հաշվարկման բանաձևը, որի համաձայն, այն ներկայումս կազմում է 35,6 հազ. դրամ (մոտ 94,66 ԱՄՆ դոլար), այն դեպքում երբ 2010թ.–ի հունվարին այն կազմել է 174 հազ. դրամ, իսկ 2006թ.–ին՝ 5,46 մլն դրամ։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։
Նրա խոսքով՝ միայն «ԱրմենՏել»–ի նշված ծառայության սակագնի հաշվարկելու հանգամանքը պայմանավորված է տվյալ շուկայում ընկերության ունեցած դոմինանտ դիրքով, որն արտահայտվում է շուկայի 67%–ն զբաղեցնելու պարագայով։
Ըստ Արաբաջյանի՝ սակագնի նվազեցումը պայմանավորված է ինտերնետի օգտատերերի թվի և նրանց կողմից սպառվող թրաֆիքի մեծացմամբ. այսպես, եթե այս տարվա հունվարին ամբողջ հանրապետությունում սպառումը կազմում էր 10 գբիթ/վրկ, ապա առաջին կիսամյակի ավարտին՝ 17 գբիթ/վրկ, իսկ տարվա վերջին, ըստ հանձնաժողովի անդամի, կկազմի 22 գբիթ/վրկ։
Նրա տվյալներով, այս տարվա սկզբից լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակն աճել է 100 հազարով և առաջին կիսամյակի վերջին կազմել մոտ 340 հազար։
Ինտերնետի օգտատերերի ընդհանուր թվաքանակի որոշման առումով Արաբաջյանը կարևորեց բջջային օպերատորների GPRS ինտերնետ օգտագործողների քանակի որոշումը, ինչն իր հերթին շաղկապված է բջջային կապի ակտիվ բաժանորդների հաշվարկի հետ. հաշվառման միատեսակ պայմանների սահմանումից և բաժանորդների թվի ճշգրտումից հետո պարզվեց, որ GPRS ինտերնետի բաճանորդների թիվը պակաս է 400 հազարով, իսկ բջջային բաժանորդների 4,2 մլն ցուցանիշը նվազեցվել է 680 հազարով։ Ներկայումս «Վիվասել–ՄՏՍ»–ի բջջային բաժանորդների թիվը 2 մլն 50 հազար է, «Բիլայն»–ինը՝ 750 հազար է, իսկ «Orange Armenia»-ինը՝ 520 հազար, ինտերնետի բաժանորդների թվը 341 հազար է։










