Ներկայի և ապագայի ինքնաթիռները (լուսանկարներ)

13:36 • 13.10.11

«Ոչ հեռու անցյալում մարդկանց շաբաթներ և ամիսներ էր պետք «Ա» կետից «Բ» կետը հասնելու համար՝ այն էլ «ամենավայրի» մեթոդներով՝ ձիով, շոգենավով, կամ հենց ոտքով։ 20–րդ դարում ավիացիայի զարգացումը լուծեց այդ խնդիրը, և այժմ հազարավոր կիլոմետրեր կարելի է կտրել–անցնել ինքնաթիռի հարմարավետ նստատեղին նստած՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում»,–գրում է ռուսական Rbc.ru կայքը և հավելում, որ այսօր էլ զարգացումը շարունակվում է, և ավիատրանսպորտի նորանոր տեսակներ են մշակվում և ստեղծվում։ «Դրանց թվում են անպոչ ինքնաթիռները, տիեզերական ափսեի տեսքով ինքնաթիռը և այլն։ Այն կոնցեպտները, որոնք արդեն ներկայացվել են հանրությանը, ակնհայտ կերպով հասկացնում են, որ արդեն տեսանելի ապագայում մեզ հաճելի անակնկալներ են սպասում, և որ այժմ գոյություն ունեցող ինքնաթիռները լիովին կարող են անճանաչելիության աստիճան վերափոխվել»։

Ներկայի հրաշք ինքնաթիռները

Այսօր էլ ավիաշուկայում կան մի քանի նորույթներ, որոնք դարաշրջանների սահմանագծում են գտնվում։ Այս ինքնաթիռների արտաքին տեսքը սովորական է, իսկ ահա ներքին ինտերիերը պարզապես ֆանտաստիկ է։ Խոսքը վերջերս ստեղծված Airbus A380 և Boeing Dreamliner 787 ինքնաթիռների մասին է։ Airbus ընկերությունը A380–ի ստեղծման վրա գրեթե 10 տարի ծախսել։ Երկտախտակամածավոր ռեակտիվ օդանավը մինչև 853 ուղևոր է տեղավորում և համարվում է ամենամեծն աշխարհում։ Նոր այս ինքաթիռը նաև բավական «տնտեսող է». մեկ ուղևորի հաշվվով ինքնաթիռը 17 տոկոս քիչ վառելիք է ծախսում։ А38–ի ևս մեկ առավելությունն այն է, որ այն կարող է թռչել ավիացիոն կերոսինի և բնական գազի խառնուրդով, ինչն էլ այդ ինքնաթիռը դարձնում է որպես «էկոլոգիապես անվտանգ ինքնաթիռ»։

Airbus–ից քիչ «առաջ է  անցել» ամերիկյան  Boeing ընկերությունը, որը վերջերս շուկա հանեց  Dreamliner 787 ինքնաթիռը. ավիաինդուստրիայի գոյության ողջ ընթացքում հաջողվեց այնպիսի ինքնաթիռ ստեղծել, որը 50 տոկոսով կոմպոզիտային  նյութերից է բաղկացած։ Բացի այդ, Dreamline–ը 20 տոկոս ավելի քիչ վառելիք է ծախսում, քան նույն կարգի ժամանակակից մյուս ինքնաթիռները։  Ինքնաթիռն առանձնանում է  նաև նրանով, որ դրա իլյումինատորների չափսերն ավելի մեծ են, որոնք կարելի է մթնեցնել հատուկ կոճակի օգնությամբ։ Ինքնաթիռում, որ ի վիճակի է առանց կանգառի 15 ժամ թռիչք իրականացնել, անձնակազմի համար հատուկ ննջասենյակներ կան։

«Առաջիկա 40 տարվա ընթացքում  А380–ը և Dreamliner–ը կարելի է համարել ապագայի ինքնաթիռներ»,–ասում են մասնագետները։

«Քանի դեռ ամերիկյան և եվրոպական ընկերությունները «ներկայի ինքնաթիռներ են» արտադրում և ակտիվորեն «ապագայի ինքնաթիռների» նախագծեր են մշակում, ռուսական ավիաընկերությունները փորձում են լցնել այն բացը, որն առաջացել է Սովետական Միության փլուզումից հետո»,– գրում է կայքը և որպես օրինակ ներկայացնում Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռները (հայկական «Արմավիա» ընկերությունն առաջինն էր, որ ձեռք բերեց Sukhoi Superjet 100 տեսակի ինքնաթիռ)։

«Ինքնաթիռն ունի  նոր SaM146 մակնիշի շարժիչ, «տնտեսող է»։ «SSJ100 -ը ներկայի ինքնաթիռ է, այն բավական կոնսերվատիվ է»,– նշում են մասնագետները։

Ի՞նչ կլինի ապագայում

Չնայած բոլոր նորարարություններին՝ թե Dreamliner–ը, թե  Airbus 380–ը մնում են որպես ներկայի, կամ մոտ ապագայի ինքնաթիռներ։

Ավիաարտադրողները, սակայն, նոր անակնկալներ են պատրաստում.  Airbus ընկերությունը, օրինակ, մինչև 2015թ. պատրաստվում է նոր ինքնաթիռ թողարկել ՝ Concept Cabin անվամբ (ինքնաթիռը կնմանակի թռչունների ոսկրային կառուցվածքը, սալոնի պատերին «խելացի» մեմբրաններ կլինեն, որոնք կկարգավորեն օդի ջերմաստիճանը)։ Սպասվում է, որ ինքնաթիռը երեք գոտու է  բաժանված լինելու։ Ուղևորները հենց ինքնաթիռում հնարավորություն կունենան մասնակցել ինտերակտիվ կոնֆերանսների, վիրտուալ գոլֆ խաղալ, տանը թողած երեխաների համար հեքիաթներ կարդալ, ինչպես նաև ուժ հավաքել հատուկ «առույգացնող նստատեղերի» վրա նստելով։

Boeing–ը ևս հետ չի մնա Airbus–ից.Boeing 737Max–ն մոտ ապագայում փոխարինելու է Boeing 737 Next Generation–ին. ինքնաթիռի հիմնական նորարարությունն հզոր շարժիչն է լինելու՝ օդափոխիչով, որը 10-12%–ով ավելի խնայող է լինելու, քան Boeing 737 Next Generation–ը և ավելի շատ էլեկտրահեռակառավարման համակարգեր է ունենալու։

Իսկ օրինակ Նիդերլանդներում մասնագետները տիեզերական ափսեի տեսքով թռչող սարք են ստեղծում։ Այդ նախագծի գլխավոր նպատակը էկոլոգիապես մաքուր ինքնաթիռ ստեղծելն է. նրանք իրենց նպատակին հասել են՝ ինքնաթիռը 50 տոկոս ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետելու, քան ներկայիս ինքնաթիռները։

 

 



Ներկայի և ապագայի ինքնաթիռները (լուսանկարներ)