Apple-ն սկսե՞լ է iPad 3-ի արտադրությունը
Apple ընկերությունը հնարավոր է՝ 2012-ի սկզբին ներկայացնի iPad 3-ը: Այս մասին հայտնում է All Things Digital-ը՝ հղում անելով Apple-ի ծրագրերին ծանոթ վերլուծաբանին՝ Ջեֆ Ֆիդիկարոյին: Վերջինս վստահեցնում է, որ ընկերությունը 4-րդ եռամսյակի համար պատվիրել է ոչ թե 11, այլ 14 մլն պլանշետ:
Վերլուծաբանի խոսքով՝ Apple-ը պատրաստվում է արտադրել 600 հազ. նոր սերնդի iPad: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ iPad 3-ը կունենա գերհստակ retina-էկրան, ինչպիսին ունի iPhone 4-ը, 4S-ը և iPod touch նվագարկիչը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը կարող է թողարկել բյուջետային iPad, որը կարժենա 200 դոլար: Այս տեղեկությունը ևս պաշտոնապես չի հաստատվել ընկերության կողմից:










