Երբ Մոնիկա Բելուչին ձեզ հայերեն նամակ է գրում, մի հավատացեք, դուք Արզաքանցյանը չեք

12:20 • 15.10.11

Ցանցային անգրագիտությունը Հայաստանում լուրջ խնդիր է: Այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում` նկատելով, որ երբ շատերին Մոնիկա Բելուչիի անունով ու նկարով մեկը գրում է, հավատում են, որ դա հենց նա է, եթե նույնիսկ հայերեն է գրում: «Բայց, օրինակ, քիչ մարդ կա, որ նրա հարևանն է: Տիգրան Արզաքանցյանի պես քչերը կարող են նրա հետ անմիջապես շփվել: Իսկ մյուսները հավատում են, որ իրենց գրողը հենց Մոնիկան է»,- կեսկատակ-կեսլուրջ խնդիրը ներկայացրեց փորձագետը: Նա նաև նշեց, որ միշտ պետք է վերապահումով շփվել ցանցում, եթե, օրինակ, ինտերնետին միացել եք սրճարանում Wi-Fi-ի միջոցով (գոյություն ունի անվտանգ և վտանգավոր միացման տարբերակներ, որը մարդն ինքը չի ընտրում, եթե շատ վարժ չի). երրորդ անձը կարող է տեսնել, թե ինչ է գրվում քո համակարգչով:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` մոդայիկ է քաղաքական գործչի համար սոցիալական ցանցում էջ ունենալ, բայց տեղեկատվական հոսքը նրա էջ դժվար կառավարելի է: Փորձագետի դիտարկմամբ` facebook-ում ամենաայցելվողը Երևանի քաղաքապետի էջն է, բայց այնտեղ տեղեկատվական հոսքը վերահսկելի չէ, և կախված տարբեր իրադարձություններից` այնտեղ ամեն մարդ կարողանում է իր ուզած ինֆորմացիան տեղադրել: Օրինակ, վերջերս նրա էջին բոլորը դնում էին սպանված շնիկի նկարը: Ասվածը, ըստ փորձագետի, չի նշանակում, որ անվտանգության քողի տակ պետք է խեղդել բոլոր տեսակի քաղաքացիական ազատությունները. չի կարելի վերահսկել բոլոր չինովնիկներին` սոցիալական ցանցերում իրենց գործունեության մեջ: Ուղղակի երբ պաշտոնյան սոցիալական ցանցում շփվում է, երբեք չի կարելի վստահ լինել, որ այդ մարդը չի հայտնվի ուրիշի հետապնդման թիրախում:

«Դա խնդիր է, որն ամբողջ աշխարհում կա: Ադրբեջանական գաղտնի գործակալները շատ սիրուն աղջկա նկարով կարող են խոցելի հայ պաշտոնյայից ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նկատեց նա:

Կեղծ պրոֆիլները, սակայն, կարելի է տարբերել: Դրանց ամենախոցելի տեղն այն է, որ պետք է ունենա լուսանկար, որը կարելի է փնտրել google-ով, նաև` կեղծ պրոֆիլը երկար պատմություն չի ունենում` չնայած կեղծարարը կարող է կես դար հասունացնել իր ծրագիրը: Կարևոր է նաև այն, որ եթե մարդը հարբած չէ, ընտանեկան գաղտնիքները չի պատմի նոր ծանոթացած մեկ այլ մարդու, չէ որ հնարավոր է` սիրուն աղջկա փոխարեն այնտեղ ցմփոր մարդ է նստած:

Երբ Մոնիկա Բելուչին ձեզ հայերեն նամակ է գրում, մի հավատացեք, դուք Արզաքանցյանը չեք